ԱԺ արտահերթ նիստ. քվեարկության կդրվեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ. ՈՒՂԻՂ
PoliticsԱզգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի չորրորդ նիստը:Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Հունիսի 17-ի նիստում խորհրդարանը շարունակել է երկրորդ ընթերցմամբ քննարկել «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը սահմանելու է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողի ստացած վնասվածքն արտերկրում բուժման, ինչպես նաեւ ճանապարհածախսի եւ կեցության համար գումար հատկացնելու կարգը եւ պայմանները՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում: Ըստ անհրաժեշտության՝ կհատուցվեն նա եւ զինվորին ուղեկցող անձի ճանապարհի եւ կեցության ծախսերը:
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է վերացնել «Թափոնների մասին» ՀՀ օրենքում առկա թերությունները, հստակեցնել վտանգավոր թափոններ առաջացնողների կողմից թափոնների անձնագրերի, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվության եւ թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի ներկայացման հետ կապված իրավահարաբերությունները: Օրենքով սահմանվում է նաեւ, որ օրենքի դրույթները կիրառվում են ինչպես ընդերքօգտագործման թափոնների վրա, այնպես էլ սահմանվել են «ընդերքօգտագործման թափոններ», «մակաբացման ապարներ», «հանքահարստացման թափոններ» հասկացությունները:
Այնուհետև խորհրդարանը քննարկել է «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին», «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Փաթեթի ընդունումը պայմանավորված է Դիլիջան քաղաքը եւ հարակից տարածքները՝ որպես կրթական, պատմամշակութային, զբոսաշրջության կենտրոնի ձեւավորման, քաղաքի եւ հարակից տարածքների ենթակառուցվածքների զարգացման կարեւորության անհրաժեշտությամբ: