Հույները մեկ օրում ավելի քան 800 մլն եվրո են հանել բանկերի հաշիվներից
International newsԵրրորդ օրն է՝ Հունաստանի բանկերի դեպոզիտներից շարունակվում է միջոցների արտահոսքը. հունիսի 17-ին ավանդատուները 820 մլն եվրո են հանել իրենց հաշիվներից: Այդ մասին հաղորդել է գործարար տեղեկատվության capital.gr կայքը՝ հղում անելով բանկային աղբյուրների:
Ավանդատուները փողերը հանում են Հունաստանի եւ վարկատուների միջեւ բանակցություններում տիրող անորոշության եւ կապիտալի նկատմամբ հսկողության հնարավոր սահմանման ու միջոցների հանման սահմանափակումների շուրջ ակտիվորեն քննարկվող լուրերի կապակցությամբ:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, հունիսի 15-ին միջոցների արտահոսքը կազմել է 300 մլն եվրո, հունիսի 16-ին՝ 400 մլն:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Հունաստանի բարեփոխումների ծրագրի եւ այդ երկրին 7,2 մլրդ եվրոյի օգնություն հատկացնելու շուրջ ստեղծված իրադրությունը կդառնա Եվրոխմբի (եվրոյի գոտու երկրների ֆինանսների նախարարների խորհրդի)՝ հունիսի 18-ին Լյուքսեմբուրգում բացվող նիստի գլխավոր թեման:
«Եվրոխմբի նիստը վճռորոշ չի լինի»,- հունիսի 17-ին ասել է տնտեսական եւ ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին:
«Հունաստանի շուրջ բանակցությունները Եվրոխմբի նիստում կվերսկսվեն այն բանի ըմբռնմամբ, որ հունիսի 30-ը օգնության գործող ծրագրի ավարտման ժամկետն է եւ Հունաստանի կողմից ԱՄՀ-ի վարկերի գծով վճարումների վերջնաժամկետը»,- ընդգծել է նա:
«Գնդակն այժմ Հունաստանի կողմում է: Այս իրավիճակում արդյունքի հասնելու համար մեզ անհրաժեշտ է ցուցաբերել սառնասրտություն ու քաղաքական կամք»,- ասել է եվրահանձնակատարը: Նա չի պատասխանել այն հարցին, թե Եվրահանձնաժողովը պատրաստվում է արդյոք Հունաստանի հնարավոր պարտազանցմանը, ընդգծելով, որ «կան տարբեր սցենարներ, բայց դրանցից միայն մեկն է ընդունելի»:
Ավելի վաղ Հունաստանի Կենտրոնական բանկը նախազգուշացրել Է, որ այն դեպքում, եթե Աթենքին չհաջողվի միջազգային վարկատուների հետ համաձայնության գալ լրացուցիչ ֆինանսական օգնության շուրջը, երկիրը կարող Է հեռանալ Եվրամիությունից եւ նոր պատազանցում հայտարարել: «Համաձայնության ձախողումը կնշանակի հիվանդագին ընթացքի սկիզբ, որը նախ կհանգեցնի պարտազանցման, իսկ այնուհետեւ՝ հեռացման եվրոգոտուց եւ, շատ հավանական Է՝ ԵՄ-ից»,- նշել են բանկում:
Վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ավելի վաղ հայտարարել Է, որ վարկատուները փորձում Էին նվաստացնել իր կառավարությանը: Աթենքը պնդում Է, որ չի զիջի կենսաթոշակների կրճատման եւ հարկերի բարձրացման պահանջներին: Մինչդեռ Եվրամիությունը ձգտում Է Հունաստանից հասնել 2 միլիարդ եվրո ընդհանուր գումարի ծախսերի նոր կրճատումների՝ նոր ֆինանսական օգնության տրամադրման դիմաց: