Ադրբեջանում նավթային բումն ավարտվելու վրա է, կրախը մոտենում է. Buzzfeed
International newsԱդրբեջանում տնտեսական այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ սկսել են ձերբակալել պետական բանկին պարտքեր ունեցող՝ անկման հասած ադրբեջանական կապիտալիզմի խորհրդանիշ ներկայացվող հարուստներին, անգամ Ալիեւների հետ սերտ կապեր ունեցող մեծահարուստ Իբրահիմ Իբրահիմովին: Այդ ձերբակալություններն ազդանշանն են այն բանի, որ Ադրբեջանի նավթային պաշարները վերջանում են, նավթային բումն ավարտվելու վրա է եւ լիակատար փլուզումը մոտենում է:
Այս մասին ասվում է Buzzfeed օնլայն թերթում հրապարակված հոդվածում:
Թերթը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունների առատաձեռն ծախսերը ծառայում են միայն աշխարհում ժամանակակից պետության վարկ ստեղծելուն:
«Բաքվում անցկացվող մուլտիմիլիոնանոց Եվրոխաղերի վրա երկու անգամ ավելի շատ փող է ծախսվել, քան 2012 թվականին Լոնդոնում անցկացված Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ: Եվրոխաղերի բացմանը միայն մեկ երգ կատարելու համար Լեդի Գագային 2 մլն դոլար է վճարվել: Ընդդիմությունը հայտնում է, որ Եվրոխաղերի վրա Ադրբեջանը 8 մլրդ դոլար է ծախսել», -գրում է թերթը:
Թերթը գրում է, որ Ադրբեջանի պաշտոնյաները խոստովանում են, որ տնտեսության 70 տոկոսը էներգետիկ հատվածը հանդիսացող եւ 95 տոկոսով էներգակիրների արտահանումից կախված Ադրբեջանը ստիպված է լինելու դիմել տարբեր ոլորտների: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովն ասել է, որ Ադրբեջանն իր բնական պաշարներով աշխարհի ամենահարուստ երկիրը չէ, եւ նրա ռեսուրսները չեն կարող մշտական եկամուտի աղբյուր լինել:
Buzzfeed-ը գրում է, որ մարդու իրավունքների պաշտպաններին լռեցնելու ալիքի հետ համընկած բիզնեսմենների զանգվածային ձերբակալություներն ազդարարում են այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար չի ընտրելու բարեփոխումների ճանապարհը:
«Ընդդիմությունն այն կարծիքին է, որ իշխանությունը պաշտպանելու համար Իլհամ Ալիեւը կամ ստիպված կլինի պահպանել առկա կոռումպացված տնտեսական մոդելը, կամ էլ ժողովրդի բարգավաճման համար վերացնել կոռուպցիան եւ անհավասարությունը», -գրում է թերթը: