72 կողմ, 5 դեմ, 22 ձեռնպահ. ԱԺ-ում ընդունվեց «Դիլիջանի ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագիծը
PoliticsՀՀ կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի եւ հարակից շրջանների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին օրենքների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:
Հայտնենք, որ քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իր դժգոհությունը հայտնեց օրենքի նախագծի հետ կապված.
«Մենք, իհարկե, գաղափարին ներդրումներ տալու արտոնություններին դեմ չենք, բայց կա չորս մտահոգություն: Առաջինը դա այն է, որ նոր ստեղծվող ընկերությունների եւ Դիլիջանում գործող ընկերությունների միջեւ անհավասար մրցակցային դաշտ է ստեղծում: Երկրորդ մտահոգությունս ապօրինի շինությունների խնդիրն է: Այլ կերպ ասած՝ այն մարդիկ, ովքեր գտնվում են ՀՀ-ից դուրս, մի օր կգան եւ կպարզեն, որ դրանք օրինականացվել են»:
Ըստ պատգամավորի՝ իր կողմից առաջ քաշված երրորդ հարցն անգամ Սահմանադրության խախտում է. «Երրորդը` հարկատեսակներին է վերաբերում: Դա Սահմանադրության խախտում է, որ գրենք ազատում ենք հարկերից, շատ կոնկրետ պետք է գրվի, թե որ հարկատեսակներից են ազատում եւ ինչ դրույքաչափով: Եվ, իհարկե, մենք մարդկանց սահմանափակում ենք անասնապահությամբ եւ բուսաբուծությամբ զբաղվել, բայց պետք է այլընտրանքային մոտեցում լինի, թե ինչ աշխատանք ենք նրանց առաջարկում»:
Խոսքի ավարտից հետո Մ. Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու օրենքի այս նախագծին:
Նշենք, որ օրենքի նախագիծն ընդունվեց 72 կողմ ձայնով:
Սոսե Չանդոյան