Ֆրանսիան եւ Բելգիան կալանք են դրել ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի ռուսական ակտիվների վրա
International newsՖրանսիական իշխանությունները, հետևելով Բելգիայի օրինակին, կալանք են դրել ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի ռուսական ակտիվների վրա: Մասնավորապես, կալանքի ներքո են հայտնվել ՎՏԲ-բանկի դուստր կազմակերպություններում ռուսական ընկերությունների և Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունների հաշիվները:
Ինչպես հաղորդում է ռուսական «Московский Комсомолец»-ը, ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը հայտնել է, որ Ֆրանսիայի իրավապահ մարմինները կալանք են դրել ռուսական ընկերությունների ակտիվների վրա: «Գումարները փոքր են, հիմնականում տասնյակ հազարավոր եվրո: Դիվանագիտական առաքելությունների հաշիվներն անմիջապես սառեցվել են: Մենք այս հարցը կլուծենք իրավաբանների հետ»,- ասել է Կոստինը:
Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, իր հերթին, բացառել է Ռուսաստանի կողմից ցանկացած վճարումները ՅՈՒԿՕՍ-ի պարագայում: Չնայած դրան, նախարարն ընդունել է, որ կա Ռուսաստանի պետական սեփականություն կալանքի վտանգ ոչ միայն Բելգիայում եւ Ֆրանսիայում, այլեւ այլ երկրներում: «Իհարկե, կարելի է սպասել այս տեսակի ոչ ընկերական մոտեցումներ նաև այլ երկրների կողմից: Մենք պետք է գնահատենք ռիսկերը, և կարծում ենք՝ նման ռիսկ կա»,- նշել է Ուլյուկաևը:
Ռուսական Forbes-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիան կալանք է դրել նաև ռուսաստանյան այնպիսի առաջատար ԶԼՄ-ների հաշիվների վրա, ինչպիսիք են Russia Today-ը, РИА Новости-ն և ТАСС-ը: