Հարավային Կորեայում դանդաղել են MERS-ի տարածման տեմպերը
International newsՀարավային Կորեայում մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսի (MERS) տարածման տեմպերի դանդաղում են արձանագրել: Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ ընթացիկ ցուցանիշը ամենացածրն է հունիսի 3-ից ի վեր, տեղեկացնում է BBC-ը:
Չնայած դրան, կորոնավիրուսի զոհ է դարձել եւս մեկ մարդ: Այդպիսով, հիվանդության հարուցած բարդացումներից մահացածների թիվը հասել է 24-ի: Հիվանդության բռնկումից հետո վիրուսն ախտորոշվել է 166 մարդու մոտ:
Կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը Հարավային Կորեայի տարածքում գրանցվել է մայիսի 20-ին: Պարզվել է, որ վիրուսը, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, բերվել է ԿՀ-ի քաղաքացու կողմից, որը վերադարձել էր Մերձավոր Արեւելքի երկրներ կատարած ուղեւորությունից:
Կորոնավիրուսն առաջին անգամ մարդու մոտ բացահայտվել է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում: Դրանով վարակվելու դեպքեր են գրանցվել Հորդանանում, Քատարում, Արաբական Միացյալ Էմիություններում, Թունիսում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, ընդամենը 23 երկրներում, որտեղ պաշտոնապես հաստատվել է մարդկանց վարակվելու ավելի քան 1100 դեպք, որոնց 40 տոկոսը մահացու ելք է ունեցել: Հիվանդությունն սկսվում է որպես սովորական շնչառական ինֆեկցիա, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց արագորեն ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը :