Վրաստանում կասկածում են, որ երբեւէ կանդամակցեն ՆԱՏՕ-ին. Գիա Նոդիա
International newsՎրաստանում դեռ չգիտեն, թե երբ կդառնան ՆԱՏՕ-ի անդամ: Ավելին, վերջին շրջանում վրացիները սկսել են կասկածել, որ երբեւէ կանդամակցեն Հյուսիսատլանտյան դաշինքին: «Մենք չգիտենք, թե այդ դուռը երբ կբացվի: Անկեղծ ասած, արդեն համզված էլ չենք՝ երբեւէ կանդամակցե՞նք, թե ոչ: Հարցն այս պահին շարունակում է մնալ օդում կախ»,-ՆԱՏՕ-ի ԽՎ ՌՈՈՒԶ ՌՈԹ սեմինարին նման տեսակետ հայտնեց Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման կովկասյան ինստիտուտի նախագահ, Թբիլիսիի Իլյա Ճավճավաձեի անվան պետհամալսարանի կովկասագիտության միջազգային դպրոցի տնօրեն Գիա Նոդիան:
Նրա խոսքով՝ մարդիկ արդեն սկսում են հոգնել անդամակցության հարցից: Ըստ Նոդիայի, վրացիներն անընդհատ օրինակ են բերում Թուրքիային, որ այդքան երկարամյա համագործակցությունից հետո այդպես էլ չի անդամակցում Եվրամիությանը: «Դա, իհարկե, հիասթափեցնող է, սակայն մենք պետք է զինվենք ռազմավարական համբերությամբ, քանի որ մենք այլընտրանք չենք տեսնում»,- ասաց նա` հավելելով, որ այդ բարեփոխումները առաջին հերթին օգուտ են բերել Վրաստանին:
Ըստ Նոդիայի, ներկա դրությամբ Արեւմուտքը շփոթված է եւ կողմնակալ մոտեցում է ցուցաբերում, մասնավորապես, ուկրաինական ճգնաժամի առնչությամբ: «Արեւմուտքում գիտեն, որ պետք է մի բան անել, բայց դեռ չգիտեն` ինչ: Այնպիսի տպավորություն է, որ ռեսուրսները ոչ պատշաճ կերպով են բաշխվում: ՆԱՏՕ-ն հստակ ռազմավարություն չունի Հարավային Կովկասում եւ փորձոմ է գտնել միջանկյալ ոսկե միջինը»,- ասաց Նոդիան: