Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը շարունակում է կրճատումները
International newsԱդրբեջանի պետական նավթային ընկերությունում (SOCAR), նավթի համաշխարհային գների եւ արդյուհանման ծավալների նվազման պատճառով կրճատումները շարունակվում են. նախնական տվյալներով՝ սպասվում է, որ կկրճատվեն ընկերության 300 աշխատակիցներ եւս:
Ինչպես հաղորդում է minval.az լրատվական կայքը, հաստիքների նոր կրճատումներ են արվել «Ազերիգազ» ՓԲԸ-ում եւ մի քանի նավթավերամշակման գործարաններում: Այս մասին կայքին հայտնել է Նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Միրվարի Գահրամանլըն:
Նրա խոսքով` «Neftqaztikintiե տրեստի 300 աշխատակիցներ ծանուցագիր են ստացել այն մասին, որ ընթացիկ տարվա հունիսի 1-ից նրանք հանվել են ընկերության հաստիքացուցակից:
«Այդ տրեստում աշխատակիցների կրճատումներ են իրականացվել նաեւ անցյալ տարվա վերջին»,- նշել է Գահրամանլըն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` անցյալ տարվա վերջին եռամսյակից սկսված նավթի գների անկման հետ կապված՝ SOCAR-ում 3 հազարից ավելի աշխատակիցներ կրճատվել են: Կրճատումներ են կատարվել նաեւ պետական այլ հաստատություններում եւ մասնավոր ձեռնարկություններում:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 44 դոլարով ցածր է: