Հարավային Կորեայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 27-ի
International newsՀարավային Կորեայում մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսից (MERS) մահացել է եւս երկու մարդ, այսպիսով հիվանդության զոհերի թիվը հասել է 27-ի: Այդ մասին հունիսի 22-ին հաղորդել է հանրապետության առողջապահության նախարարությունը:
Հիվանդացածների թիվն ավելացել է երեքով եւ կազմել 173: Վիրուսով վարակվելու ռիսկի պատճառով կարանտինի ռեժիմ է հանձնարարված 3,8 հազար մարդու: Նախօրյակին ռիսկի խմբում կար ավելի քան 4 հազար մարդ, նրանց թիվը կրճատվում է ինկուբացիոն շրջանի լրանալուն համեմատ, որը MERS-ի դեպքում կազմում է 14 օր:
Այդ վիրուսի դեմ պատվաստանյութ գոյություն չունի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հունիսի 16-ի դրությամբ աշխարհում գրանցվել է MERS վիրուսով վարակման 1321 դեպք, մահացել է ավելի քան 450 մարդ: Հարավային Կորեայում հիվանդության հետեւանքով մահացությունն այսօրվա դրությամբ կազմում է 15,7 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: