Հատուկ հանձնաժողովը ձեռնամուխ է եղել Թբիլիսիում ջրհեղեղի հասցրած վնասի գնահատմանը
International newsԹբիլիսիում ավերիչ ջրհեղեղի հետեւանքով տուժածներին կտրվի էկոլոգիական միգրանտների կարգավիճակ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի հարկադիր վերաբնակների, փախստականների եւ տարաբնակեցման գործերի նախարար Սոզար Սուբարին, որը հունիսի 21-ին այցելել է հանրապետության մայրաքաղաքի՝ տարերային աղետից տուժած գոտիներ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը :
«Սկսվել է այն վնասի ամբողջական գույքագրումը, որը կրել են քաղաքացիները: Ներգրավված են մի քանի գերատեսչություններ՝ քաղաքապետարանը եւ շրջանային վարչությունները, էկոնոմիկայի նախարարությունը, առողջապահության նախարարությունը, մեր նախարարությունը, այլ գերատեսչություններ»,- ասել է Սուբարին:
Ընդսմին նա նշել է, որ Փորձաքննության ազգային բյուրոն կպարզի եւ կգնահատի այն վնասը, որը կրել է բնակչությունը, ինչի հիման վրա էլ վերջնական որոշում կընդունվի էկոլոգիական միգրանտների կարգավիճակ տրամադրելու մասին:
Թբիլիսիում տեղի ունեցած տարերային աղետի հետեւանքով զոհվել է 19 մարդ, երեք հոգի անհետ կորած է համարվում: Տասնյակ ընտանիքներ մնացել են անօթեւան, հեղեղվել են բնակելի շենքեր, վնասվել են ճանապարհներ եւ քաղաքային այլ ենթակառուցվածք: Առողջապահության նախարարությունը հաշվառման է վերցրել 106 տուժած ընտանիք, ընդամենը՝ 457 մարդ:
Նախնական տվյալներով՝ տարերքի պատճառած վնասը գերազանցում է 100 մլն լարին (45 մլն դոլար):