Գաղտնի հանդիպում Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ
International newsԻսրայելի առաջատար թերթերից «Հաարեց»-ը հայտնել է Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ տեղի ունեցած անակնկալ հանդիպման մասին: Թերթը գրել է, որ հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Իսրայելի արտգործնախարարության գլխավոր տնօրեն Դորե Գոլդը եւ Թուրքիայի ԱԳՆ խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն գաղտնի հանդիպում են ունեցել Հռոմում:
Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները հաստատել են հանդիպումը, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել:
Նշելով, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել «մեկ տարի շարունակ երկու երկրների միջեւ համաձայնության գալու եղանակների որոնումներից» հետո, թերթը գրել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մոտ հարաբերություներ ունեցող Դորե Գոլդը պատասխանատու է թուրքական վարչախմբի տրամադրության տակ եղած «Իսրայելի դոսյեի» համար:
Նշվում է, որ այդ հանդիպումը Իսրայելը կողմից խիստ գաղտնի է պահել: Գոլդը, հանդիպման մասին չի հայտնել նույնիսկ Իսրայելի ազգային անվտանգության նախարարության խորհրդականին:
Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները փչացել են 2011 թվականի մայիսի սկզբին «Մավի Մարմարա» նավի հետ կապված միջադեպի պատճառով, երբ միջազգային նավատորմի կազմում Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող թուրքական նավը հրաժարվել էր ստուգման ենթարկվել իսրայելյան հատուկ ծառայությունների կողմից, ինչի հետեւանքով նավի վրա դեսանտ իջած իսրայլեցի զինվորների եւ անձնակազմի միջեւ բախման արդյունքում զոհվել էին 9 թուրքեր:
Թուրքիան Իսրայելից պահանջում է ներողություն խնդրել կատարվածի համար եւ փոխհատուցել զոհված թուրքերի ընտանիքներին, Թել Ավիվն էլ պնդում է, որ Իսրայելի զինված ուժերի գործողությունները գտնվել են միջազգային օրենքների սահմաններում: