Ի՞նչ էր փսփսացել կառավարությունը քաղաքական ուժերի ականջին, ինչու՞ ընդդիմադիրները չկանգնեցին պայքարողների կողքին
PoliticsԱյսօր առավոտյան նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցավ այն, ինչը, թերեւս, ամենահավանական տարբերակն էր տարվող պայքարի եւ դրանից բխող հնարավոր զարգացումների շրջանակներում:
Տեղի ունեցածը սահմռկեցուցիչ է` բազմաթիվ քաղաքացիներ գտնվում են հիվանդանոցներում, իսկ ձերբակալվածներից շատերն էլ դեռ անազատության մեջ են: Թե ինչպես է պատրաստվում պայքարել ստեղծված իրավիճակի դեմ հասարակ ժողովուրդը, պարզ կլինի այսօր ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում կազմակերպված հանրային քննարկումից հետո միայն:
Ինչ վերաբերում է տարբեր տրամաչափի քաղաքական ընդդիմադիր ուժերին, ապա նրանց անդրադառնալն այս պարագայում շռայլություն կլինի, սակայն, ինչպես ասում են, հրահրիչներին անտեսելն այդքան էլ ճիշտ չէ:
Նկատենք, որ ՀՀ Ազգային ժողովի բարձր եւ հով ամբիոնից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հնարավորինս սուր ձեւակերպումներ տվեցին Բիբինի գործելաոճին եւ նրա քայլերին: Գտնվեցին անգամ պատգամավորներ, որոնք գնացին ու մասնակցեցին Ազատության հրապարակում կազմակերպված ակցիաներին՝ կարծես թեւ ու թիկունք լինելով հավաքված հանրությանը. սակայն ո՞վ կմտածեր, որ դա պարզապես պատգամավորների հերթական ֆոտոսեսիան էր, որը, հավանաբար, անհրաժեշտ էր պարտֆոլյուի համար: Ինչեւէ, չշեղվելով բուն թեմայից, նկատենք, որ ընդդիմադիր ուժերը ամենաթեժ ու կարեւոր պահերին չկագնեցին ՀՀ բազմաչարչար ու տանջված ժողովրդի կողքին, ինչը չափից դուրս տարօրինակ էր:
Նշենք, որ մինչ Ազատության հրապարակից դեպի նախագահական նստավայր շարժվելը, Orer.am-ը զրուցել էր ամենասուր ու քննադատող հայտարարություններով հանդես եկող խմբակցություններից մեկի ներկայացուցչի` ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ, ով հնչեցված այն հարցին, թե ինչո՞ւ չեք գնում եւ Ազատության հրապարակում Ձեր բողոքի ձայնը բարձրացնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ, պատգամավորը պատասխանեց հետեւյալ կերպ. «Ամեն հարցի փուլային կերպով նայեք, օրինակ՝ ես իմ աշխատանքը կատարել եմ մասնագիտական մակարդակով, լսումներին ակտիվ մասնակցել եմ, հանձնաժողովի հետ աշխատել եմ, հարցազրույցներ տվել եմ, նկատենք, որ իմ առաջարկներից շատ բան ընդունվել է:
Հիմա ես գնամ ժողովրդի մոտ մասնագիտական բաներ ասեմ, նրանք դա չեն հասկանա, այստեղ հարցը դրվում է՝ այո կամ ոչ, այսինքն՝ մահ կամ ազատություն: Այս պայքարը կուսակցականացնելը սխալ եմ համարում, որովհետեւ երբ ինչ-որ հարց կուսակցականացվում է, ապա դա իշխանության կողմից այլ կերպ է ընկալվում: Թողեք, այս անգամ էլ քաղաքացիական շարժումն անի իր անելիքը, տեսնենք, ինչ է լինելու, սա իմ անձնական կարծիքն է»:
Նկատենք, որ ԲՀԿ կուսակցությունը մեկ անգամ չէ, որ բացի ԱԺ բարձր ամբիոնից տարբեր մեղադրանքներ հնչեցնելուց հետո գնացել ու կանգնել է ժողովրդի կողքին: Այստեղ է, որ հարց է առաջանում՝ այդ ի՞նչ է փսփսացել կառավարությունը ԲՀԿ-ականների եւ քաղաքական մյուս ուժերի ականջներին, որ նրանք զենքերը վերջնական վայր դրեցին ու ժողովրդին թողեցին բախտի քմահաճույքին…
Սոսե Չանդոյան