Ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Ֆրանսիայի նախագահների գաղտնալսումն անընդունելի է. Օլանդ
International newsԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից Ֆրանսիայի նախագահների գաղտնալսումն անընդունելի է: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ պատասխանելով ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Ֆրանսիայի պետության ղեկավարների բանակցությունների գաղտնալսման վերաբերյալ WikiLeaks կազմակերպության վերջին հրապարակումների վերաբերյալ լրագրողների հարցերին:
«Դա բացարձակապես անընդունելի է: Մենք չենք կարող նման գործելակերպ թույլ տալ դաշնակիցների միջեւ»,- ընդգծել է նա:
Ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Ֆրանսիայի նախագահների լրտեսման մասին հաղորդագրությունների կապակցությամբ սկանդալը ծավալվել է հունիսի 23-ի երեկոյան լրագրողական աղմկալի հետաքննության արդյունքների հրապարակումից հետո: Liberation թերթի եւ «Մեդիապարտ» կայքի կողմից WikiLeaks կայքի հետ համատեղ հրապարակված տվյալները վկայում են, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը 2006 թվականից մինչեւ 2012 թվականի մայիսն ընկած ժամանակաշրջանում գաղտնալսել է հեռախոսային բանակցությունները եւ որսացել Ֆրանսիայի երեք նախագահների՝ Ժակ Շիրակի, Նիկոլա Սարկոզիի եւ Ֆրանսուա Օլանդի, ինչպես նաեւ նրանց մերձավոր օգնականների էլեկտրոնային հաղորդագրությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: