Հունաստանը կխնդրի մի քանի շաբաթով երկարաձգել ֆինօգնության ժամկետը
International newsԱթենքը Եվրախմբին կխնդրի մի քանի շաբաթով երկարաձգել Հունաստանին հատկացվող օգնության ծրագիրը, քանի դեռ երկրում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում տնտեսական միջոցների բարեփոխումների համար:
Այս մասին Եվրախմբի հետ բանակցությունների համար Բրյուսել ժամանելուն պես Reuters գործակալությանն է ասել Հունաստանի ֆիննախարար Յանիս Վարուֆակիսը:
Նախարարն ընդգծել է նաև, որ Արժույթի միջազգային հիմնադրամին պարտքի վճարման համար սահմանված վերջնաժամկետի հարցը, որը հունիսի 30-ն է, պայմանավորված է վարկատուների ճկունությամբ:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ հուլիսի 5-ին երկրում հանրաքվե կանցկացվի , որի ժամանակ քաղաքացիներն իրենց կարծիքը կհայտնեն եվրոպացի վարկատուների առաջադրած ֆինօգնության պայմանների վերաբերյալ:
Focus Online պարբերականի հաղորդմամբ` միևնույն ժամանակ Գերմանիայի ֆիննախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է, որ հանրաքվեի մասին հայտարարելուց հետո Աթենքի հետ հետագա բանակցությունների համար հիմքեր չեն մնացել:
Հիշեցնենք, որ Հունաստանի վարկավորման ծրագրի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին, որից հետո Աթենքը չի կարողանա 7.2 մլրդ եվրո վարկ ստանալ, որն անհրաժեշտ է երկրի պարտքերը մարելու համար: