Քուրդ ապստամբները ոչնչացրել են Քոբանիի վրա հարձակված ԻՊ-ի 80 գրոհայինի
International newsԻնքնապաշտպանության քրդական ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» խմբավորման 80 ահաբեկչի, ովքեր հինգշաբթի օրը հարձակվել են Սիրիայի հյուսիս-արևելքում Քոբանի քաղաքի վրա: Այդ մասին հայտնի է դարձել Ինքնապաշտպանության քրդական ուժերի հրամանատարության զեկույցից, գրում է ria.ru-ն:
«Հարձակումից ի վեր ահաբեկիչները տեղակայվել են քաղաքի չորս կետերում: Մեր զինված ջոկատները հետ են մղել հարձակումները, մարտերի ընթացքում ոչնչացվել է 60 գրոհային»,- ասված է զեկույցում:
Հրամանատարության տվյալներով՝ ևս 20 ահաբեկիչ ոչնչացվել է շաբաթ օրը քաղաքի ծայրամասում Շույուխ-Ֆուկանի գյուղի մոտ բախումների ժամանակ:
Ինքնապաշտպանության քրդական ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ ԻՊ-ի գրոհայինների փոքր խմբերը շարունակում են մնալ քաղաքի սահմաններում և փորձում են նահանջել՝ խուսափելով քրդերի հետ մարտերից: Ապստամբներն իրենց հերթին շարունակում են մաքրել քաղաքի թաղամասերը: