Հունաստանը փակում է բանկերը եւ հսկողություն սահմանում կապիտալի շարժման նկատմամբ
International newsՀունաստանի բանկերը հունիսի 29-ին փակ կմնան դեֆոլտի եւ եվրոգոտուց երկրի դուրս գալու աճող երկյուղների ֆոնին: Նաեւ հսկողություն է սահմանվում կապիտալի շարժման նկատմամբ: Ֆոնդային բորսան նույնպես փակ կլինի: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ է արել բնակիչներին՝ հանգստություն պահպանել եւ հայտարարել է, որ բանկային բոլոր ավանդները կպահպանվեն, տեղեկացնում է BBC-ը:
Սակայն, չնայած այս կոչին, հունիսի 28-ին ամբողջ երկրում հսկայական հերթեր են գոյացել բանկոմատների մոտ: Մարդիկ զգուշանում են, որ բանկերը կարող են սահմանափակել կանխիկ միջոցների տրամադրումը:
Մինչեւ հունիսի 30-ը Հունաստանը պետք է 1,6 մլրդ եվրո վճարի Արժույթի միջազգային հիմնադրամին կամ պարտազանցում հայտարարի: Վերջին շաբաթներին հույներն իրենց բանկային հաշիվներից միլիարդավոր եվրոներ են հանել:
Կապիտալի շարժման նկատմամբ հսկողության շրջանակներում հունիսի 29-ից օրական հնարավոր կլինի հաշվից հանել 60 եվրոյից (42 ֆունտ կամ 66 դոլար) ոչ ավելի: Արտասահմանից կանխիկ դրամի փոխանցումները կարգելվեն, բացառությամբ կենսականորեն կարեւոր փոխանցումների եւ նախապես համաձայնեցված առեւտրային տրանզակցիաների:
Հաղորդվում է, որ Հունաստանի բանկերը փակ կմնան մինչեւ հուլիսի 7-ը, այսինքն՝ այն առաջարկությունների շուրջ պլանավորված հանրաքվեի անցկացումից երկու օր անց, որոնք միջազգային վարկատուներն Աթենքին առաջադրել են նրա բազմամիլիարդանոց պարտքի եւ նոր փոխառությունների անհրաժեշտության կապակցությամբ:
Բանկային արձակուրդի հայտարարմանը նախորդել է հունական բանկերին հավելյալ օգնության ծավալը չավելացնելու Եվրոպայի կենտրոնական բանկի որոշումը, թեեւ ավելի վաղ սահմանված շրջանակներում բանկերին արտակարգ օգնության ծրագիրը ԵԿԲ-ն խոստացել է չկրճատել:
Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի կառավարությունները խորհուրդ են տվել Հունաստան հանգստանալու կամ գործերով մեկնող իրենց քաղաքացիներին՝ իրենց հետ վերցնել բավականաչափ կանխիկ եվրո այն դեպքում, եթե Հունաստանում նրանք դժվարություններ ունենան կանխիկ միջոցներ ստանալու հարցում:
Ավստրիայի ֆինանսների նախարար Յորգ Շելինգը հայտարարել է, որ եվրոգոտուց Հունաստանի դուրս գալն գործնականում անխուսափելի է թվում: «Ակներեւ է, որ ոչ մի երկիր ոչ մի պայմանով չի կարող շանտաժի ենթարկել Եվրահանձնաժողովին ու եվրոգոտու երկրներին»,- ընդգծել է Շելինգը:
Լույս հունիսի 28-ի գիշերը Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել միջազգային վարկատուների հետ համաձայնության պայմանների շուրջ հանրաքվե անցկացնելու վարչապետ Ալեքսիս Ցիպրասի առաջարկությանը:
Ցիպրասը խորհրդարանին հղած ուղերձում կոչ է արել քաղաքացիներին՝ հանրաքվեում «ոչ» ասել այդ առաջարկություններին, որոնք նա որակել է ստորացուցիչ: «Վարկատուների համար կգա այն օրը, երբ նրանք կհասկանան, որ Հունաստանը չի հանձնվի, որ Հունաստանի համար խաղը դեռեւս ավարտված չէ»,- ասել է Ցիպրասը: Դրանից հետո եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները մերժել են ֆինանսական ճգնաժամից դուրս գալու օգնության ծրագրի ժամկետի երկարացումը, որը լրանում է հունիսի 30-ին:
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդն իր հերթին նախազգուշացրել է Հունաստանին, որ առաջիկա հանրաքվեն իրավաբանական ուժ չի ունենա:
Հավելենք, որ Հունաստանը Եվրամիության եւ ԱՄՀ-ի հետ բանակցություններ է վարում ավելի քան 340 մլրդ եվրո պարտքի կարգավորման շուրջ: