Հայ ատլետներն առաջիկայում կմասնակցեն միջազգային խոշոր միջոցառումների
SportԱրտաշատի քաղաքային մարզադաշտում հունիսի 28-ին մեկնարկել է 2015 թվականի Ատլետիկայի ՀՀ առաջնությունը, որը կշարունակվի նաեւ հունիսի 29-ին: Առաջնությանը մասնակցում են ավելի քան 300 ատլետներ Երեւանի՝ չորս, Գյումրիի` երկու, Վանաձորի, Արտաշատի, Կապանի եւ Արցախի մեկական մարզադպրոցներից: Երկու օր տեւող առաջնությանն աղջիկները եւ տղաները կմրցեն 44 մրցաձեւերում: Առաջնության ավարտին կորոշվեն ՀՀ աթլետիկայի պատանեկան չ եմպիոնները:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ատլետիկայի ֆեդերացիայի քարտուղար Նարինե Շահբազյանը բարձր գնահատեց նոր սերնդի ունակությունները եւ մարզական կարողությունները: «Ունենք շատ լավ պատանի մարզիկներ եւ մարզուհիներ, ովքեր միշտ բարձր ցուցանիշներ են արձանագրում: Վերջին տարիներին ավելացել է նաեւ սկսնակ ատլետների թիվը, մեծանում է այս սպորտաձեւի նկատմամբ մասսայականությունը»,- ասաց նա՝ գոհունակությամբ ընդգծելով Գայանե Չիլոյանի անունը, ով մեծահասակների շրջանում լավ արդյունքներ է արձանագրում:
Անդրադառնալով մեր մարզիկների հաջողություններին՝ նա ասաց, որ չորս ատլետներ ընդգրկվել են հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը Թբիլիսիում անցկացվող Եվրոպայի երիտասարդների օլիմպիական փառատոնին: «Առաջիկայում հայ ատլետները կմասնակցեն նաեւ երեք խոշոր միջազգային միջոցառումների. երեք մարզիկ հուլիսի 7-13-ը Տալինում կմասնակցեն մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, երկու մարզիկ Շվեյցարիայում կմասնակցեն ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը եւ մեկ մարզիկ` Կոլումբիայում անցկացվող Պատանիների աշխարհի առաջնությանը»,-ասաց Շահբազյանը՝ ավելացնելով, որ մարզիկները նոր են վերադարձել Սոչիում անցկացվող ուսումնամարզական հավաքից, ունեն լավ պատրաստվածություն եւ պատրաստ են լավ հանդես գալուն:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանն ասաց, որ ՀՀ պատանիների առաջնությանն Արտաշատից մասնակցուն են տասը մարզիկ, եւ հունիսի 28-ի տվյալներով` ունեն երկու երկրորդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցներ՝ Սաթնիկ Արամյան` 100մ արգելավազք եւ Սմբատ Հախվերդյան` հեռացատկ:
Առաջնությանը հետեւում են ավելի քան 40 մրցավարներ: Գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանը: Հաղթողները կպարգեւատրվեն գավաթներով, մեդալներով եւ պատվոգրերով:
Լիլիթ Մաճկալյան