Քըլըչդարօղլուն անակնկալ հանդիպում է ունեցել Դենիզ Բայքալի հետ
International newsԹուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անակնկալ հանդիպում է ունեցել կուսակցության նախկին ղեկավար, Անթալիայից ընտրված պատգամավոր Դենիզ Բայքալի հետ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24.com.tr-ը:
Քեմալական կուսակցության նախկին և ներկա ղեկավարների հանդիպումը կայացել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում: Հանդիպման և քննարկված հարցերի շրջանակի մանրամասների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում: Ամենայն հավանականությամբ, Քըլըչդարօղլուն մեջլիսի ամենատարեց պատգամավորի հետ քննարկել է առաջիկայում կազմվելիք կոալիցիային առնչվող հարցեր:
Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններից հետո կուսակցություններից և ոչ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը՝ միակուսակցական կառավարություն կազմելու համար: Ներկայում Թուրքիայի նոր կոալիցիոն կառավարության քննարկվող ամենահավանական տարբերակը իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների, կամ «Արդարություն և զարգացում» ու քեմալական Հանրապետաան ժողովրդական կուսակցությունների միջև համագործակցությունն ու կոալիցիոն կառավարություն կազ մելն է: