Վրացիները հիշեցրել են իրենց հողերը Ադրբեջանի կողմից բռնակցված լինելու մասին
International newsԹբիլիսիում Ադրբեջանի «Գաբալա» եւ Վրաստանի «Դինամո» ֆուտբոլային թիմերի միջեւ անցկացված հանդիպման ժամանակ վրացի երկրպագուները հիշեցրել են, որ ներկայիս Ադրբեջանի կազմում գտնվող հյուսիսարեւմտյան Զաքաթալայի եւ Կախի շրջանները բռնակցվել են Ադրբեջանին:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, faktxeber.com-ը հայտնում է, որ «Դինամո»-ի երկրպագուները տրիբունաներից կախել են «Հիշում ենք Զաքաթալան եւ Կախին. 1921» բովանդակությամբ «լուրջ քաղաքական» պաստառներ:
UEFA-ի պաշտոնյաների միջամտությունից հետո է միայն հաջողվել երկրպագուներին հանել տալ այդ պաստառները:
Վրաստանում Ադրբեջանի դեսպանը հայտնել է, որ անմիջապես կհետազոտի հարցը:
Դա վրացի երկրպագուների` վրացական հողերը Ադրբեջանին բռնակցված լինելու մասին առաջին հիշեցումը չէ: 2014 թվականի հուլիսի 31-ին Բաքվում «Նեֆթչի» եւ «Չիխուրա» թիմերի միջեւ հանդիպման ժամանակ վրացական թիմի երկրպագուները նման պաստառ էին կախել: Այդ պաստառում Զաքաթալան եւ Կախին նշվել էին որպես Վրաստանի տարածք:
Այն ժամանակ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն հարցի առնչությամբ հայտարարել էր, որ միջադեպը կազմակերպվել է սադրիչների կողմից, որոնք փորձում են փչացնել երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները: