Սիրիայում զոհվել են Թուրքիայից գնացած 90 ջիհադականներ
International news2012 թվականից այս կողմ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների կազմում կառավարական ուժերի դեմ բախումներում Թուրքիայից մեկնած 90 ջիհադականներ են զոհվել: Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական DemokratHaber լրատվական կայքը, Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Աթիլլա Քարթը:
Պատգամավորը թուրք խորհրդարանականներին ներկայացրել է Սիրիայում զոհված թուրք ջիհադականների անունները, որոնք անդամագրվել էին Իրաքի եւ Սիրիայի զավթած հյուսիսային տարածքներում «Իսլամական պետություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորմանը:
«Իրաքում եւ Սիրիայում ԻԼԻՊ-ին եւ այլ ահաբեկչական խմբավորումներին ադամակցած երիտասարդ թուրք ջիհադականների անունները եւ թվաքանակը պետությանը վաղուց են հայտնի: Սակայն թուրքական պետությունը մինչ այժմ ոչինչ չի ձեռնարկել թուրք երիտասարդների հոսքը ահաբեկչական խմբավորումներ կանխելու համար: ԻԼԻՊ-ի կազմում Իրաքի եւ Սիրիայի կառավարությունների դեմ կռվող 90 թուրք ջիհադականներ են սպանվել: Պետությունը լավ գիտի, թե նրանք որ կենտրոններում են ուսուցանվել: Հարցը հետեւյալն է. ահաբեկչական խմբավորման այդ պատրաստությունների մասին տեղյակ թուրքական պետությունը ինչո՞ւ կանխարգելիչ միջոցառումներ չի ձեռնարկել: Մենք հետամուտ ենք լինելու այս հարցապնդման պաշտոնական պատասխանին», -ասել է Քարթը:
Անգլիական The Telegraph թերթը սեփական հետազոտությունների հիման վրա հայտնել է, որ ԻԼԻՊ-ին ամենաշատ անդամագրված ջիհադականները Թուրքիայից են, որոնց թիվը գերազանցում է 500-ը: Ըստ թերթի' ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման շարքերում Իրաքի եւ Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվում են 70 երկրներից, այդ թվում' Ադրբեջանից ժամանած 11 հազար ջիհադականներ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' մինչ այժմ ԻԼԻՊ-ի կազմում կռվող Ադրբեջանի քաղաքացի 100-ից ավելի ջիհադական է ոչնչացվել, իսկ նրանց ընդհանուր թիվն այդ խմբավորման կազմում կազմում է մոտ 500 հոգի: