Պաշտոնական Բաքուն համագործակցում է հաքերային ընկերության հետ
International newsետություններին եւ քաղաքացիներին հետեւելու համար համակարգչային վիրուս վաճառող HackingTeam ընկերությունն ինքն էլ է հաքերային հարձակման ենթարկվել: Հաքերները 500 GB-ից ավելի տեղեկություն են հրապարակել: Այդ ընկերության ակտիվ հաճախորդների թվում նշվում է նաեւ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության անունը:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
HackingTeam իտալական ընկերությունը ոստիկանությանն օգնում էր քաղաքացիների վրա հաքերային հարձակումներ գործելու մեջ: Այժմ էլ ինքն է հարձակման ենթարկվել: Ընկերության twitter-յան հաշիվը գրաված անանուն հաքերները բացել են ներքին գրագրությունը, 500 GB հիշողությամբ (theverge.com 400 GB) ներքին ֆայլերը:
Այդ հարձակման հետ կապված դեռեւս ոչ մի հաքերային խումբ պատասխանատվություն չի ստանձնել:
HackingTeam-ը 40-ից ավելի աշխատակից ունի, որոնց միջոցով կոմերցիոն նպատակով հաքերային ծրագրեր է վաճառում տարբեր երկրների իրավապահ մարմիններին: Այդ երկրների թվում նշվում են նաեւ Մարոկկոն, Եթովպիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ադրբեջանը:
Հաճախորդների թվում նշվում են նաեւ ԱՄՆ-ի դաշնային հետազոտությունների գրասենյակի (FBI), Չինաստանի, Ավստրալիայի, Իսպանիայի, Իրաքի անունները:
HackinTeam-ն անվտանգության շրջանակներում հայտնի է YouTube եւ Microsoft-ի Live ծառայություններին վիրուսով վարակելով: Այդ ընկերությունը ստեղծել են իտալացի երկու ծրագրավորողներ: Նրանք նախ ստեղծել են Ettercap ծրագիրը, որը դարձել է մարդկանց նկատմամբ լրտեսություն կատարել ցանկացող հաքերների հիմնական զենքը: Ettercap-ը վերածվել է HackingTeam-ի (հաք անող թիմ): Նրանց մրցակիցներն այժմ ընկերության twitter-ի հաշվի անունը փոխել են Hacked Team-ի, որը նշանակում է «հաքի ենթարկված թիմ»:
HackingTeam-ը երբեք չի հրապարակել իր հաճախորդների ցուցակը եւ հերքել է կառավարությունների հետ իր համագործակցության մասին պնդումները:
Դեռեւս հայտնի չէ, թե ինչքան տեղեկատվություն են ձեռք բերել հաքերները, սակայն, մի աղբյուր Motherboard.vice.com կայքին հայտնել է, որ հաքերները «ամեն ինչ ձեռք են բերել»:
Մոտ մեկ տարի առաջ նման հարձակում էր կատարվել նաեւ FinFisher ընկերության վրա, որը նույնպես հետախուզական ծրագրեր էր վաճառում աշխարհի իրավապահ գործակալություններին: