Գերմանիայում բացահայտել են Էրդողանի լրտեսին
International newsԳերմանիայում սկսվել է դատավարությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին խորհրդական Թահա Գերգելիօղլուի նկատմամբ, ում գերմանական կողմը համարում է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) լրտես:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է գերմանական Focus հանդեսը, որը նշել է, որ MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանի կողմից Քյոլնի թուրքական մզկիթում ծառայության նշանակված Թահա Գերգերլիօղլուն Գերմանիայում MIT-ի լրտեսական ցանց է ստեղծել:
Ըստ հանդեսի` Էրդողանի նախկին խորհրդականը գլխավորել է Թուրքիայի օգտին լրտեսության համար դատվող երեք անձանց մասնակցությամբ լրտեսական ցանցը, որի նպատակը գերմանական դատական համակարգը Էրդողանի կողմից «հսկողության տակ» առնելն է:
«Էրդողանն իր ընդիմադիրների դեմ չմտածված լրտեսություն է կատարում Գերմանիայի կենտրոնում» վերնագրով հոդվածում ասվում է, որ Ֆիդանին զեկուցող Գերմանիայում գտնվող լրտեսական դիվանագիտական ներկայացուցչություններին զուգահեռ` նույն գործով են զբաղված նաեւ թուրքական ընկերությունները, թերթերը, բանկերը, մզկիթները եւ հյուրանոցները:
«Ֆիդանը Քյոլնի Եհրենֆելդի մզկիթը դարձրել է MIT-ի բազա: MIT-ը Գերմանիայում թուրքական մզկիթներից պահանջում է զեկույցներ ներկայացնել Էրդողանի ընդդիմադիրների մասին: Էրդողանին հավատարիմ թուրք ազգայնականները պատրաստ են հաշվեհարդար տեսնել նրանց հետ: MIT-ին օգնել ցանկացող երիտասարդ թուրքերը ազատվում են Թուրքիայում զինծառայությունից եւ լրտեսության ուղարկվում Գերմանիա», -գրում է հանդեսը` նշելով, որ Գերմանիայում Էրդողանի «ստվերային մարտիկ-լրտեսի բացահայտումը շատ ծանր կնստի Ֆիդանի հեղինակության վրա Թուրքիայում»: