«Ուլիս»-ի գլխավոր մարզիչը «Բիրկիրկարա»-ին ուժեղ մրցակից է համարում
SportԵրևանի «Ուլիս»-ի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի կարծիքով՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Բիրկիրկարա»-ի հետ հանդիպումից առաջ «Ուլիս»-ի ֆուտբոլիստները գիտեին, թե ինչ արժեք ունի այդ հանդիպումը թիմի համար: ««Բիրկիրկարա»-ն շատ լավ կազմակերպված, կարգապահ թիմ է: Ունենք ֆուտբոլիստներ, ովքեր առանձնանանում են թիմի կազմում: Ինչ վերաբերվում է նախորդ խաղին, ապա իրենց մամուլի ծառայության տարածած տեսանյութում ներկայացված են միայն իրենց գոլային պահերը: Մենք ևս գոլային պահեր ենք ունեցել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ուլիս»-ի գլխավոր մարզիչը:
Չախալյանը նաև փաստեց, որ թիմի տրամադրությունը մարտական է: «Բոլորն էլ հասկանում են խաղի կարևորությունը: Այս պահի դրությամբ՝ բոլորն էլ պատրաստ են խաղին: Խաղալու ենք մի արդյունքի համար, ուրիշ ճանապարհ չունենք, միայն հաղթանակը մեզ հանրավորությոն կտա շարունակելու պայքարը»,- ասաց նա:
Մարզչի խոսքով՝ մրցակիցը ուժեղ է հակագրոհների և ստանդարտ դիրքերի իրացման ժամանակ:
«Ուլիս»-ի ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանի կարծիքով՝ առաջին խաղը դժվարին հանդիպում ստացվեց: «Որակավորման առաջին խաղում մեկնարկային րոպեներից սկսած պայքարում էինք: Մենք հասկանում ենք, որ սխալը մեծ հետևանք կունենա: Խաղադաշտ ենք դուրս գալու և ցույց ենք տալու մեր ունակություները»,- փաստեց Ալեքսանյանը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: «Ուլիս»-ը կհյուրընկալի Մալթան ներկայացնող «Բիրկիրկարա»-ին: Առաջին հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով: