Ռամոսը երևի կմնա «Ռեալում». Պերես
Sport«Չգիտեմ»։ Նման պատասխան տվեց Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, երբ նրան հարցրին, թե ինչո՞ւ որոշեց աշխատանքից հեռացնել գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին, ով դեռ մի տարվա պայմանագիր ուներ։ Նման մի բան տեղի ունեցավ օրերս Քաթարում թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի առնչությամբ։
«Ալ Ջազիրայի» և նրա դուստր հեռուստաընկերության՝ «belN Sports»-ի գլխավոր մենեջեր Մուհամոդ Ամորը, Դոհայում ոչ պաշտոնական զրույց է ունեցել Պերեսի հետ, որի ընթացքում հնչել են երեք աստղային անուններ։ Լրագրողին հետաքրքրել է Սերխիո Ռամոսի ճակատագիրը։ «Չգիտեմ... Սկզբունքորեն, նա մնում է»,-ասել է Պերեսը։
Ակումբում վստահ են, որ կկարողանան համոզել պաշտպանին, որ նրա ֆինանսական պահանջները՝ տարեկան 10 մլն եվրո, չափազանց շատ են։ «Ռեալը» պատրաստ է 7,5 մլն աշխատավարձ տրամադրել ֆուտբոլիստին, հնարավոր է նաև մի փոքր ավելացում, սակայն ոչ մինչև երկնիշ թիվ։
Մյուս ֆուտբոլիստների վերաբերյալ Պերեսի պատասխաններն ավելի վստահ են եղել. Դե Խեայի վերաբերյալ նա ասել է, որ «Գործն արված է», իսկ Արթուրո Վիդալի մասին հարցին պատասխանել է, որ նա չի տեղափոխվի Մադրիդ։