Կհաջողվի՞ արդյոք Վրաստանին ազատվել թուրք-ադրբեջանական հակահայ ծրագրերից
PoliticsԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը Orer.am-ի հետ զրույցի ժամանակ, խոսելով հարեւան պետություն Վրաստանում իրականացվող հակահայ քաղաքականության մասին, նշեց.
«Գաղտնիք չէ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են Վրաստանին ընդգրկել հակահայկական ծրագրերում: Սահակաշվիլու կառավարման տարիներին թուրքերին եւ ադրբեջանցիներին ինչ-որ չափով դա հաջողվել է: Հսկայական գումարներ ներդնելով Վրաստանում՝ նավթագազամուղային քաղաքականությամբ ադրբեջանական ու թուրքական կողմերը հասան նրան, որ որոշակիորեն կարողացան իրենց տնտեսական էքսպանսիայի արդյունքում քաղաքական ազդեցություն ձեռք բերել Վրաստանում, որը, բնականաբար, պետք է ուղղորդեին հակահայկական ծրագրեր իրականացնելուն:
Սակայն նկատենք, որ Վրաստանի այսօրվա իշխանությունները, իմ կարծիքով, գիտակցում են հարցի ողջ վտանգավորությունը: Տեսանելի միտում կա, որ նրանք ցանկանում են Վրաստանն իրապես անկախ պահել թուրք-ադրբեջանական տնտեսական էքսպանսիայից»:
Հարցին, թե արդյոք Վրաստանին կհաջողվի եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակի ազատվել Թուրքիայի ն եւ Ադրբեջանին որպես գործիք ծառայելուց, Շ.Թոորոսյանը պատասխանեց. «Պետք է նշեմ, որ դա բավական բարդ գործ է, քանի որ տարիներ շարունակ, եթե չասենք տասնամյակներ շարունակ, թուրք-ադրբեջանական ֆինանսները հսկայական դերակատարում են ունեցել մեզ հարեւան Վրաստանում: Մենք այսօր անզեն աչքով տեսնում ենք տվյալ երկրում ադրբեջանական էներգակիր մենաշնորհը:
Նման բազմաթիվ օրինակներ կարելի է բերել: Ասեմ, որ վրացիները լավ են հասկանում վաղվա օրվա մարտահրավերները: Կարծում եմ, որ ստեղծված խնդիրների հետ կապված Վրաստանի այսօրվա իշխանությունները բավական օբեկտիվ են եւ կփորձեն թուլացնել նրանց տնտեսական ազդեցությունները Վրաստանում»:
Շիրակ Թորոսյանը նաեւ նկատեց. «Եթե Վրաստանը ցուցաբերի կայուն եւ ինքնիշխան քաղաքականություն, ապա Ադրբեջանը հաստատ կորցնելու բան ունի, զուտ տնտեսական առումով հսկայական գումարներ կարող է կորցնել՝ հակառակ գնալով Վրաստանի պետականությանը»:
Սոսե Չանդոյան