Միակողմանի հրադադար հայտարարելը միամտություն էր. PKK-ի զինյալ թեւի առաջնորդ
International newsԹուրքիայում քրդական խնդրի լուծման գործընթացը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից սառեցվելուց հետո Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թեւի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը հայտարարություն է արել սետղծված անորոշ իրավճակի հետ կապված: Նա հայտարարել է, որ իրենց կողմից միակողմանիորեն հրադադար հայտարարելը միամտություն էր:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, IMC TV հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում Քարայըլանն ասել է, որ իրենք միամտաբար հավատացել են Էրդողանի այն խոստմանը, որ անպայման սահմանադրական բարեփոխումներ են ընդունելու եւ կարգավորելու են քրդական խնդիրը` ինքնավարություն ստեղծելու ուղղությամբ:
Նրա խոսքով` հատկապես հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարական ընտրությունների շեմին Էրդողանի այն հայտարարությունից հետո, որ Թուրքիայում քրդական խնդիր գոյություն չունի, խնդրի լուծման գործընթացը դադարել է:
Քարայըլանը հիշեցրել է, որ Քուրդիստանի հասարակությունների միությունն (KCK) արդեն հայտարարել է PKK-ի կողմից դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերին հայտարարված միակողմանի հրադադարն ավարտվելու մասին:
«Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ միամտություն էր հավատալ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը (AKP) եւ միակողմանի հրադադար հայտարարել: Խնդրի ժողովրդավարական կարգավորման բոլոր հույսերն ի չիք են դարձել: Իշխող կուսակցությունը խախտել է բոլոր նախնական պայմանավորվածությունները», -ասել է նա:
Քարայըլանն ասել է, որ քրդական խնդրի լուծման գործընթացը վերացվել է Էրդողանի միջամտությամբ, երբ նա հայտարարել էր, որ «սեղանին նման հարց դրված չէ»:
«Այսինքն, այն բոլոր պայմանավորվածութունները, որ իշխանությունը ձեռք էր բերել Իմրալիում բանտարկված Աբդուլլահ Օջալանի հետ երկու եւ կես տարի շարունակ անցկացված բանակցությունների արդյունքում, այլեւս գոյություն չունեն: Դա խոսում է այն մասին, որ խնդրի լուծում, ինչպես պատկերացվում էր, այլեւ գոյություն չունի», -ընդգծել է նա:
KCK-ի առաջնորդը նշել է, որ զինաթափվելու մասին AKP-ի կոչերը «հանձնվելու» իմաստ են ստացել: Նա PKK-ի հետ քաշվելու ծրագրի հետ կապված ասել հետեւյալը.
«Դա կարող է լինել այն դեպքում, եթե կառավարությունը կատարի իր խոստումը եւ օրենսդրական ու սահմանադրական փոփոխություններ կատարի: Ապրիլին արդեն մենք հասկացանք, որ միամտորեն խաբվել ենք: Այժմ մենք սպասում ենք կոալիցիոն կառավարության ստեղծմանը: Դրա բնույթից ելնելով՝ կորոշենք մեր հետագա անելիքը», -ամփոփել է խոսքը Քարայըլանը: