Մեզ ցանկանում են ֆիզիկապես ոչնչացնել. Լեյլա Յունուս
International newsԲաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինների գործով նախապտարաստական նիստում ունեցած ելությում Լեյլա Յունուսը հայտարարել է, որ բանտում ցանկանում են ֆիզիկապես ոչնչացնել իրենց:
Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, նիստն անցկացվել է բարձր անվտանգության միջոցառումների իրադրությունում: Լրագրողներից եւ արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներից խլել են պայուսակները, բջջային հեռախոսներն ու վկայականները: Դահլիճի առաջին շարքերը զբաղեցրել են դատական պրիստավները եւ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ինչի պատճառով շատերը չեն կարողացել ընկնել դահլիճ:
Լեյլա եւ Արիֆ Յունուսներին նստեցրել են ապակե վանդակում: Նրանք խիստ հիվանդոտ, նվաղ տեսք են ունեցել:
Յունուս ամուսինների փաստաբանները նիստում ունեցած ելույթում հայտարարել են, որ նրանց նկատմամբ ներկայացված ոչ մի մեղադրանք հիմնավորված չէ եւ շինծու է:
Լեյլա Յունուսը հայտարարել է, որ բանտախցում ամեն բան արվում է իրենց ֆիզիկապես ոչնչացնելու համար: «Մեզ ցանկանում են ֆիզիկապես ոչնչացնել», -ասել է նա:
Դատարանն արհամարհել է Յունուսի այդ հայտարարությունը, մերժել Յունուսներին իրենց մոտ նստեցնելու փաստաբանների միջնորդությունը եւ հաջորդ դատալսումը նշանակել հուլիսի 27-ին:
Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինները 2014 թվականի ամռանը ձերբակալվել են պետական դավաճանության եւ այլ մտացածին քրեական հանցագործությունների մեղադրանքներով: Նրանց փաստաբանները պնդում են, որ այդ մեղադրանքները ոչնչով հաստատված չեն:
Ամուսինների նկատմամբ նախնական հետաքննությունն ավարտվել էր հուլիսի 2-ին: «Պետական դավաճանության» հոդվածով երկուսի դեմ մեղադրանքներն առանձնացվել են որպես առանձին գործեր:
Լեյլա Յունուսը եւ նրա ամսուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառն Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների խնդրի ակտուալացումն է եւ միջազգային կազմակերպություններին արված` Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերը:
Միջազգային հանրությունը Յունուս ամուսիններին քաղաքական բանտարկյալներ, իսկ Amnesty International կազմակերպությունը` «խղճի բանտարկյալներ» են ճանաչել: