Սիրիայի նախագահը մասնակցել է «Այդ ալ Ֆիտր» տոնի աղոթքին
International newsՍիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Դամասկոսի ալ Համադ մզկիթում մասնակցել է «Այդ ալ Ֆիտր» տոնի կապակցությամբ մատուցված աղոթքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, աղոթքին ներկա են եղել բարձր պաշտոնյաներ, ինչպես նաև հանրապետությ ան գլխավոր մուֆթին, իսլամ կրոնավորներ, քաղաքացիներ:
Մուսուլմանների սուրբ ամիսը՝ Ռամադանն ավարտվում է «Այդ ալ Ֆիտր» տոնով, որը տոնում են աշխարհի բոլոր մուսուլմանները: Այս տարի Ռամադանը, որը համարվում է հավատացյալների համար ամենակարևորն ու ամենապաշտելին, սկսվել է հունիսի 18-ին:
Ռամադան ամսվա ընթացքում ցերեկները մուսուլմանները հրաժարվում են սննդից և հեղուկ օգտագործելուց, արգելվում են սեռական հարաբերությունները, համբուրվելը, ինչպես նաև ծխելը, թղթախաղ խաղալը: Այս կերպ մուսուլմաններն ամրապնդում են իրենց հավատը: Վերոնշյալ արգելքները չեն կատարում հիվանդները, հղի կանայք, կերակրող մայրերը, երեխաները, ծերերը:
Ռամադան ամսվա ընթացքում պահքը տևում է առավոտվա աղոթքից մինչև երեկոյան աղոթք: Սուրբ ամսվա ընթացքում մուսուլմաններն աշխատում են ավելի շատ ժամանակ անցկացնել աղոթելով, Ղուրան ընթերցելով, բարի գործեր կատարելով:
Ռամադանն ավարտվում է «Այդ ալ Ֆիտր» տոնով, որը թարգմանաբար նշանակում է Ազատման տոն, այսինքն՝ մուսուլմանը դուրս է գալիս պահքից՝ սկսելով սնունդ և հեղուկ ընդունել ցերեկը: