ՀՀ Նախագահը սահմանադրական բարեփոխումները նախաձեռնել է հանուն Հայաստանի ապագայի. Վահրամ Բաղդասարյան
PoliticsՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումները նախաձեռնել է հանուն Հայաստանի բարեկեցիկ ապագայի և իր անձի հետ կապված որևէ խնդիր չի հետապնդում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Ես հենց սկզբից էլ համոզված եմ եղել, որ սահմանադրական բարեփոխումներով Սերժ Սարգասյանն իր անձի հետ կապված որևէ խնդիր չի հետապնդում և միշտ մտածել եմ, թե առաջիկա համապետական ընտրություններից հետո ի՞նչ են ասելու այն մարդիկ, ովքեր պնդում են, որ նա այս գործընթացը նախաձեռնել է սեփական իշխանության վերարտադրության համար: Եվ երեկվա նիստի ընթացքում հանրապետության ղեկավարը փարատեց բոլոր անհանգստությունները՝ հայտարարելով, որ ինքը չի հավակնելու ոչ նախագահի, ոչ վարչապետի և ոչ էլ Ազգային ժողովի նախագահի պաշտոններին: Նախագահը հայտարարել է, որ այս ամենն արվում է երկրի բարեկեցիկ ապագայի համար»,- ասաց Բաղդասարյանը:
Նա վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության համար Սահմանադրության փոփոխությունը կենաց ու մահու կռիվ չէ՝ հավելելով, որ ամեն ինչ պետք է որոշի ժողովուրդը, իսկ եթե ժողովրուրդը դեմ լինի սահմանադրական փոփոխություններին, իշխանությունները կաշխատեն նախկին Սահմանադրությամբ: