Նոր Սահմանադրությունը՝ ներկայիս իշխանությունների հարատևությունը ապահովելու միջոց
PoliticsՎերջերս հրապարակված սահմանադրական փոփոխությունների նախագծի 7 գլուխները հասարակության շրջանում բուռն քննարկումների առիթ են դարձել: Այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում նոր Սահմանադրության նախագծին անդրադարձավ նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Արթուր Սաքունցը նշեց, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն չի տեսնում. «Իսկ ի՞նչն էր խանգարում ներկայիս Սահմանադրությամբ իրավական, ժողովրդավար պետություն ստեղծել: Սա ուղղակի նոր տեսարան է, թատրոն, որպեսզի զբաղեցնեն ժողովրդին: Բացարձակ որևիցե հիմնավորում չկա»:
Իրավապաշտպանի խոսքերով՝ ամենակարևոր բանը, որ պետք է լիներ, դատական իշխանության անկախության երաշխիքներն էին, որը առաջարկված փոփոխություններով չի երաշխավորվում, եւ այս դեպքում դրական կողմեր փնտրելն անիմաստ է: Նա այն կարծիքին է, որ առաջարկվող Սահմանադրությունը խորացնում է այն քաղաքական ճգնաժամը, որը գոյություն ունի եւ գոյություն ունեցող համակարգին իրավական տեսք տալու նպատակը. «Անելանելի վիճակ է ստեղծում, փակում բոլոր իրավական ուղիները՝ դուրս գալու ներկայիս քաղաքական ճգնաժամից: Ամենևին նշանակություն չունի նախագահական, թե պառլամեենտական է պետությունը»:
Արթուր Սաքունցը նաեւ անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի կողմից նախագիծը հավանության արժանացնելու փաստին՝ նշելով, որ Գերմանիայի՝ 1932 թվականի Սահմանադրությունը, եթե հանձնեին Վենետիկի հանձնաժողովին՝ նորից կհամարեին իրավական. «Խնդիրը իրավական ու ոչ իրավական լինելու մեջ չէ: Խնդիրն այստեղ այն է, որ փաստացի ունենք մեկ կուսակցական համակարգ, ինչպես 25 տարի առաջ: «Հանրապետական» կուսակցությունն ակնհայտորեն ունի առավելություն: Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի վստահության մթնոլորտում: Իսկ մեզ մոտ այդ վստահության մթնոլորտն ակնհայտոորեն չկա»:
Անդրադառնալով կյանքի իրավունքին վերաբերող դրույթին՝ Ա. Սաքունցը նշեց, որ սա հավանաբար մարտի 1-ի դեպքերը սրբագրելու համար է արվել: Իրավապաշտպանը նշեց, որ այս փոփոխություններից զերծ մնալու ելքը տեսնում է ժողովրդի մեջ. «Ելքը ՀՀ քաղաքացին է: Ոչ մի տեղից չեն գալու մեզ օգնելու: Պետք է դուրս գան ու պայքարեն: Այստեղ մեղքը ոչ միայն «Հանրապետական» կուսակցությանն է, այլեւ այն ուժերինը, ովքեր հանդես են գալիս ժողովրդի անունից»:
Անժելա Պողոսյան