Դավիթ Սաֆարյանը՝ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի հաղթող
Sporttert.am-ը գրում է.
Նախկին «Միկա» մարզադահլիճում մեկնարկել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի անվան հոբելյանական 20-րդ մրցաշարը, որին մասնակցում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Ուկրաինայի, Հայաստանի և այլ երկրների 100-ից ավելի ըմբիշներ:
Մրցումային առաջին օրը գորգը տրամադրվել է 57, 65, 74, 97 կգ քաշայիններին: Հայ ըմբիշներից ամենահաջողը հանդես է եկել 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, ով եզրափակչում պարտության է մատնել ռուսաստանցի Մենգի Մորտույ Ուլին:
Բրոնզե մեդալակիրներ են դարձել 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանն ու 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը: Այս քաշային կարգում չեմպիոն է դարձել ԱՄՆ-ն ներկայացնող Դավիդ Թեյլորը, իսկ 57 կգ քաշային կարգում ամենաուժեղը վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլին է եղել:
Բացման արարողությանը ու մրցանակային տեղերի համար գոտեմարտերին մասնակցել են հայկական մարզաշխարհի այրերն ու շատ անվանի հասարակական, մարզական գործիչներ Հայաստանից ու արտերկրից: Մասնավորապես, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հովհաննես Սոֆոյանը, ՀՀ վերստուգիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ու այլ անվանի գործիչներ: Հարկ է նշել, որ խոշոր դրամական պարգևներ էին սահմանվել Գագիկ Ծառուկյանի կողմից: Չեմպիոնին 5000, արծաթե մեդալակրին՝ 3000, իսկ բրոնզե մեդալակիրներին ու չեմպիոնների մարզիչներին՝ 1000 ԱՄՆ դոլար: