ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է DEMYC-ի ամառային հավաքին
International newsՍլովենիայում հուլիսի 16-19-ն անցկացվել է Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (The Democrat Youth Community of Europe-DEMYC) նախաձեռնությամբ կազմակերպված ամառային հավաքը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական կազմակերպությունից, հավաքի թեման էր «Օրենքի գեր ակայության կիրառությունը և իրականացումը»:
Ծրագրին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը: Հավաքը միավորում էր տարբեր երկրների շուրջ 45 երիտասարդ քաղաքական գործիչների: Ծրագրի առաջին օրվա ընթացքում երիտասարդները կլոր սեղանի շուրջ քննարկում են ունեցել «Երիտասարդությունը, ժողովրդավարությունը և ԵՄ հեռանկարները» թեմայով:
Հավաքի հաջորդ օրերին երիտասարդներն այցելել են նախագահի պալատ և հանդիպում ունեցել նախագահի հետ, հանդիպումներ են եղել նաև Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների հետ: Ծրագրի շրջանակներում քննարկվել է օրենքի գերակայության կարևորությունը, ներկայացվել Սլովենիայի փորձը, դատական համակարգի թերությունները, խոսվել է դեմոկրատիայի կառուցման գործում երիտասարդների դերի մասին:
Ծրագրի եզրափակիչ օրվա ընթացքում կայացել է 127-րդ Գործադիր կոմիտեի հանդիպումը, այնուհետև երիտասարդները քննարկել են երիտասարդական ծրագրերի համար միջոցների հավաքագրման հարցը: ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը, ով DEMYC-ի 25-րդ համաժողովում ընտրվել է DEMYC-ի փոխնախագահ, կարևորել է նման հավաքների պարբերական անցկացումը և դրանցում հայ երիտասարդների ներգրավվածության դերը, քանի որ այսպիսի հավաքների ընթացքում տեղի է ունենում փորձի և կարծիքների փոխանակում, երիտասարդները զինվում են կիրառական նոր հմտություններով և գիտելիքներով, ունենում են ակտիվ քննարկումներ, վեր են հանում առկա խնդիրներ և փորձում են գտնել համապատասխան լուծման ուղիներ: