Իրանի եւ «վեցյակի» միջեւ համաձայնագիրը չի կանխի պատերազմը. Բենիամին Նեթանյահու
International newsԻրանի միջուկային ծրագրի առնչությամբ ձեռք բերված համաձայնագիրը ոչ միայն չի կանխի, այլեւ ավելի կմոտեցնի պատերազմը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Քնեսեթում ունեցած ելույթի ժամանակ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Նեթանյահուն հայտարարել է, որ համաձայնագիրը կմոտեցնի պատերազմը, քանի որ Իրանը կստանա միլիարդավոր դոլարներ, որոնք կօգտագործի տարածաշրջանում եւ աշխարհում ահաբեկչական գործողությունների իրականացման համար:
«Բացի այդ, կսկսվի մրցավազք Մերձավոր Արեւելքում՝ միջուկային սպառազինության համար»,-նշել է վարչապետը: Նա նաեւ խիստ քննադատության է ենթարկել այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձևով հավանության է արժանացրել Իրանի եւ «վեցյակի» միջեւ համաձայնագիրը:
«Այն օրը, երբ Իրանի կառավարությունը վերահաստատում է իր մտադրությունը ոչնչացնել Իսրայելին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լեգիտիմացնում է մի պետության, որը պարբերաբար խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնագրերն ու մտադիր է ոչնչացնել Իսրայելն ու ՄԱԿ-ի անդամ մնացած պետությունները: Մերձավոր Արեւելքում շատերը, այդ թվում՝ Իսրայելը, համարում են, որ Իրանի եւ «վեցյակի» միջեւ կնքված համաձայնագիրը վտանգավոր է նրանց համար, տարածաշրջանի եւ աշխարհի համար»,- ընդգծել է Նեթանյահուն: