Ալիեւին դժվար բանակցություններ են սպասում
International newsԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին դժվար բանակցություններ են սպասում հուլիսի 22-ին Բաքու ժամանող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել «Ազադլըգ» թերթը` բացահայտելով Տուսկի` Ադրբեջան կատարելիք այցի որոշ «վարագուրային» մանրամասներ:
Նշելով, որ Եվրոպական խորհրդի նախագահը Բաքվում հանդիպումներ է ունենալու նաեւ ադրբեջանական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, թերթը գրում է, որ Տուսկի` Ադրբեջան այցը համընկնում է Ադրբեջան-Եվրոպա հարաբերությունների խիստ լարված ժամանակաշրջանի հետ:
«Հուլիսի 13-ին Ադրբեջանի կառավարության նիստում Իլհամ Ալիեւն առաջին անգամ բացահայտ կերպով խիստ մեղադրանքներ է հնչեցրել Եվրամիության դեմ: Ալիեւի նման ելույթի գլխավոր պատճառը կապված է քաղաքական բանտարկյալների հարցում Եվրամիության ավելի խիստ դիրքորոշում ցուցադրելու հետ: Հենց քաղբանտարկյալներին ազատ չարձակելու պատճառով է, որ Եվրամիության առաջնորդները չայցելեցին Բաքու` մասնակցելու հունիսի 12-28-ին անցկացված Եվրոխաղերի բացման արարողությանը: Այդ բոլորը նրա ցուցադրությունն է, որ Դոնալդ Տուսկի` Բաքու այցը համընկնում է Ադրբեջան-Եվրոպա հարաբերություներում խոր ճգնաժամի ժամանակաշրջանի հետ: Ստեղծված իրավիճակը կավարտվի Տուսկի եւ Ալիեւի միջեւ բավականին լուրջ եւ, հնարավոր է` խիստ բանակցությունների անցկացումով», -նշում է թերթը:
Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն` Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թիվը մոտեցել է 100-ի, որոնցից 28-ը համարվում են խղճի բանտարկյալներ: