Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատել ԺՀՄԻԳ-ի հետ փոխգործակցությունը
PoliticsՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 21-ին ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Միխաել Լինկին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական է գնահատել ԺՀՄԻԳ-ի հետ հաստատված փոխգործակցությունը և Հայաստանում ընտրական գործընթացների բարեփոխման ուղղությամբ կառույցի կողմից ցուցաբերվող աջակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միխաել Լինկը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և ԺՀՄԻԳ-ի միջև հաստատվել են արդյունավետ համագործակցության ավանդույթներ:
Հայաստանի արտգործնախարարը, կարևորելով ԺՀՄԻԳ գործառույթները՝ ընտրությունների դիտարկման, ընտրական գործընթացների կատարելագործման նպատակով խորհրդատվության և օժանդակության տրամադրման, օրենսդրական բարեփոխումների հետ կապված ՀՀ համապատասխան պետական մարմինների հետ հաստատված հարաբերությունները, շեշտել է, որ միջազգային կառույցների աջակցությամբ Հա յաստանում ծավալուն բարեփոխումներ են իրականացվել։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-ԺՀՄԻԳ փոխգործակցությանն առնչվող հարցերի շուրջ: