Դեմիրթաշը կոչ է արել մեջլիսում արտահերթ նստաշրջան գումարել
International newsԹուրքական մեջլիսի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչական գործողության առնչությամբ կոչ է արել արձակուրդի մեջ գտնվող Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահին գումարել արտահերթ նստաշրջան:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Մեջլիսի նախագահին անմիջապես կոչ ենք անում ԹԱՄԺ արտահերթ նստաշրջան հրավիրել: Մեր 80 պատգամավորների ստորագրությունները պատրաստ են: ԹԱՄԺ-ն չի կարող կատարվածի հանդեպ լուռ մնալ»,- ասել է Դեմիրթաշը՝ նշելով, որ եթե իրենց 80 պատգամավորին միանան ևս 30-ը, ապա հնարավոր կլինի արտահերթ նստաշրջան գումարել:
Քրդական կուսակցության առաջնորդը հայտնել է, որ հրավիրվելիք նստաշրջանում կքննարկվի հիմնականում 3 հարց՝ թուրք-քրդական հաշտեցման գործընթացը, Թուրքիայի և Սիրիայի քրդաբնակ շրջանների հարցը, ինչպես նաև արտաքին քաղաքականությունն ու ԻԼԻՊ-ի սպառնալիքը: