Եգիպտոսի նախկին վարչապետը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման
International newsԿահիրեի դատարանը կոռուպցիայի մեջ մեղադրվող Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Նազիֆին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, նախկին վարչապետը և նրա կինը դատարանի որոշմամբ պարտավորվել են վճարել 13 միլիոն դոլարի տուգանք:
Ընթացիկ տարվա փետրվարին Կահիրեի Վերաքննիչ դատարանը, դատախազության մեղադրանքները հիմնավոր չհամարելով, Նազիֆի գործն ուղարկել էր վերանայման: Անձամբ նախկին վարչապետը, ով արդեն իսկ բերդում է անցկացրել ավելի քան երկու տարի, ազատ էր արձակվել այս տարվա հունիսին` մինչդատական վարույթի կալանքի ժամկետը լրանալուց հետո:
Նազիֆը, ով համարվում էր ժամանակակից Եգիպտոսի ամենաարդյունավետ կառավարության ղեկավարը, ձերբակալվել էր 2011 թվականի ապրիլի 10-ին, նախագահ Հոսնի Մուբարաքի` հրաժարականից երկու ամիս անց:
Նախկին վարչապետը մեղադրվում էր իշխանությունն անձնական շահին ծառայեցնելու մեջ:
Հետաքննիչներն արդեն գտել են Նազիֆի պատկառելի անձնական հաշիվները Եգիպտոսում և նրա սահմաններից դուրս, ինչպես նաև թանկարժեք անշարժ գույքեր: