Քեմալականները պահանջում են մեջլիսի արտահերթ նստաշրջան գումարել
International newsԹուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը կպահանջի Ազգային մեծ ժողովից հուլիսի 29-ին գումարել արտահերթ նստաշրջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, քեմալականներն այդ նպատակով 116 պատգամավորի ստորագրությամբ դիմում կներկայացնեն մեջլիս:
Հանրապետական ժողովրդական կուսակցության պահանջներից կլինի նաև երկրում ահաբեկչական գործողություններն ուսումնասիրելու նպատակով մեջլիսում հատուկ ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելը:
Ավելի վաղ մեջլիսի արտահերթ նիստ հրավիրելու կոչ էր արել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը, ով հայտարարել էր, որ այդ նպատակով առկա են իրենց կուսակցության անդամ 80 պատգամավորի ստորագրությունները:
Ի տարբերություն այս կուսակցությունների՝ Թուրքիայի փոխվարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Բյուլենթ Արընչը հայտնել էր, որ մեջլիսում արտահերթ նստաշրջան հրավիրելուց որևէ օգուտ չի լինի:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում արտահերթ նստաշրջան հրավիրելու համար անհրաժեշտ է 184 պատգամավորի համաձայնություն: Այսինքն, եթե քեմալականների 116 պատգամավորին միանան նաև քրդական կուսակցության 80 պատգամավորներ, ապա մինչև հոկտեմբերի 1-ն արձակուրդում համարվող թուրքական մեջլիսում ստիպված արտահերթ նստաշրջան կգումարվի: