Շարմազանովն առաջընթաց է համարում ՀԱԿ-ի կողմից սահմանադրական բարեփոխումների շուրջ հայտարարություն անելը
Politics«Հայ ազգային կոնգրես» կուսակցության կողմից Սահմանադրության նախնական նախագծի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալն իշխող Հանրապետական կուսակցությունն արդեն առաջընթաց է համարում: Այս գնահատականը հնչեցրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում: «Բնականաբար, ծանոթ եմ այդ քաղաքական ուժի գնահատականին: Քաղաքական բազմակարծություն է, չենք էլ ակնկալում, որ բոլոր քաղաքական ուժերը կողմ կլինեն սահմանադրական բարեփոխումներին: Բնականաբար` չհամանձայնելով Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած թեզերի մեծամասնության հետ, պետք է նշեմ, որ ՀԱԿ-ն առաջընթաց է արձանագրել: Եթե նախկինում Տեր-Պետրոսյանն ու նրա ղեկավարած քաղաքական կուսակցությունը կտրականապես մերժում էին սահմանադրական բարեփոխումների քննարկումը, ապա այսօրվա հայտարարությունը, նախագծից մեջբերումներ ան ելը, իրավական գնահատականներ հնչեցնելը, խոսում է նրա մասին, որ ՀԱԿ-ը մտել է բովանդակային քննարկումների մեջ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նա վերահաստատեց այն գաղափարը, որ Հանրապետական կուսակցության համար ամեն գնով սահմանադրական բարեփոխումներ անցկացնելը գերնպատակ չէ: «Մեր կարծքին այն է, որ այս փուլում Հայաստանի Հանրապետության համար ավելի շահեկան կլինի, որ անցում կատարենք կառավարման խորհրդարանական մոդելին, որը հնարավորություն է տալիս ավելի անցնցում և արդյունավետ կառավարման, ինչու չէ նաև անցնցում իշխանափոխության համար: Կլինեն տարբեր կարծիքներ, որը ես բնական եմ համարում ժողովրդավարական երկրների համար»,-ավելացրեց Շարմազանովը: