Հունաստանը վարկային նոր ծրագրին մասնակցելու դիմում է ուղարկել ԱՄՀ-ին
International newsՀունաստանն Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) վարկային երրորդ ծրագրին մասնակցության դիմում է ուղարկել, որը նախատեսված է երեք տարվա համար: Ֆինանսավորման ծավալը մինչեւ 86 մլրդ եվրո է: Այս մասին Skai ռադիոկայանի ուղիղ եթերում հաղորդել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլգա Գերովասիլին:
ԱՄՀ պաշտոնական ներկայացուցիչ Ջերրի Ռեյսը հինգշաբթի պարզաբանել էր, որ Եվրոպական կայունացման մեխանիզմի (ԵԿՄ) հովանու ներքո հունական նոր ծրագրին ԱՀՄ-ի մասնակցության համար Աթենքը պետք է դիմում ուղարկի: Նա նաեւ հավելել էր, որ ԱՄՀ-ի մասնակցության համար Հունաստանը «պետք է վստահություն ներշնչող բարեփոխումներ իրականացնի, պետք է երաշխավորված համարժեք ֆինանսավորում եւ եվրոպացիների կողմից հունական պատավորությունների բեռի թեթեւացում լինի»:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, պետք է Աթենք ժամանեին միջազգային վարկատուների (ԵՄ-ի, Եվրոպական կենտրոնական բանի եւ ԵԿՄ-ի, ինչպես նաեւ, հնարավոր է, ԱՄՀ-ի) ներկայացուցիչներ՝ վարկային երրորդ ծրագրի շուրջ համաձայնագրի կնքման մասին տեխնիկական բանակցություններ անցկացնելու նպատակով: Սակայն նրանց ժամանումն առայժմ ուշանում է՝ «տեխնիկական մանրուքների պատճառով»: Լրատվամիջոցների տեղեկացմամբ, հարկավոր է առաքելության անդամների համար անվտանգ շենք գտնել: Նախորդ այցելուների ժամանակ վարկատուների ներկայացուցիչներն աշխատում էին անվտանգության ծառայության պաշտպանության պայմաններում:
Բացի այդ, վարկատուները նախարարների հետ հանդիպումների հարց են բարձրացնում, մինչդեռ հունական կողմն առայժմ ցանկանում է ապագա համաձայնագրի հարցը քննարկել փորձագետների մակարդակով:
Հունաստանի պատվիրակությունը գլխավորելու է Տնտեսական հարցերով փորձագետների խորհրդի նախագահ Յորղոս Խուլիարակիսը: Սպասվում է, որ վարկատուների ներկայացուցիչների հետ բանակցությունները կսկսվեն շաբաթ: