Ադրբեջանի նավթային հիմնադրամի եկամուտներն ավելի քան երկու անգամ նվազել են
International news2015 թվականի առաջին կիսամյակի տվյալներով` Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամուտը անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի քան երկու անգամ նվազել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է “Արմենպրես”-ը` վկայակոչելով “Թուրան”-ը, հայտնել է հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում հիմնադրամը 8,3 մլրդ դոլարի եկամուտ է ստացել, իսկ 2015 թվականի առաջին կեսի տվյալներով` ընդամենը 3,9 մլրդ դոլար: Անցյալ տարվա համեմատ, հիմնադրամի եկամուտները մանաթով նվազել է 33 տոկոսով, իսկ դոլարով` 2,1 անգամ:
Ադրբեջանի նավթի հիմնադրամն այդ երկրի բյուջեի հիմնական մատակարարն է: Հիմնադրամի եկամուտների նավզումը բացատրվում է նավթի համաշխարհային գների սրնթաց անկման, ինչպես նաեւ Ադրբեջանի ազգային արժույթի` մանաթի փոխարժեքի մոտ 35 տոկոսով փետրվարին էժանանալու հետ:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 34 դոլարով ցածր է: