Ադրբեջանում փախստականն ինքնահրկիզվել է պետական հաստատության առջեւ
International newsԱդրբեջանի փախստականների եւ ներքին վերաբնակների հետ աշխատանքների գծով պետկոմիտեի շենքի առջեւ այսօր ինքնահրկիզվել է հերթական փախստականը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով moderator.az լրատվական կայքը, Սահիբ Իսմայլի օղլու Նասիբովը (ծնվ. 1961 թ.) բենզին է լցրել իր վրա եւ հրդեհել իրեն Պետկոմիտեի Բաքվի Սաբունչիի շրջանի Բաքիխանով ավանում գտնվող բաժանմունքի շենքի դիմաց: Սահիբ Նասիբովը երրորդ աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Հանրապետական հիվանդանոցի այրվածքների կենտրոն: Նշվում է, որ Սահիբ Նասիբովը ներքին վերաբնակ է եւ տեղական գործադիր իշխանության մեղքով խոշոր կենցաղային խնդիրներ է ունեցել:
2015 թվականի ընթացքում սա քաղաքացու ինքնահրկիզման դիմելու արդեն 7-րդ դեպքն է Ադրբեջանում, որից երեքը մահվան ելքով ավարտ են ունեցել:
Ադրբեջանում 2014 թվականի ընթացքում ինքնահրկիզման են դիմել 13 քաղաքացիներ, որոնցից 7-ը` ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից կողմից խախտվելու, կաշառք պահանջվելու եւ այլ պատճառներով: