Ալիևի նախկին թիկնապահը Սիրիայում ահաբեկչական խմբավորման առաջնորդ է
International newsԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անձնական պահպանության ծառայության նախկին աշխատակիցը Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում գտնվող արմատական իսլամիստական խմբավորումներից մեկի ղեկավարն է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսաստանյան «Նովայա գազետա» թերթին պատմել է Սիրիայի մարտերից վերադարձած չեչենը` Դաղստանի Խասավյուրթի շրջանի Նովոսասատլինսկ գյուղի բնակիչ Ջաբրայիլը (անունը պայմանական է):
Նա պատմել է, որ Սիրիայում կռվել է «Սասիլինսկ ջոկատում», որի կազմում իրենց գյուղից 22 հոգի կաչ: Նրա խոսքով` իրենց ջոկատը «Ջեյշ ալ Մուհաջիրին վալ Անսար» արմատական խմբավորման մաս էր կազմում:
«Սիրիա եմ մեկնել Բաքվից Թուրքիա հասնելուց հետո: Այնտեղ մեր ընկերներն իրենց մարդկանց միջոցով մեզ ուղարկեցին Սիրիայի սահման: Սահմանին ինձ ուղեկցորդ դիմավորեց, որի հետ անցա Սիրիա: Մեկ ժամ քայլելուց հետո հասանք «Ջեյշ ալ Մուհաջիրին վալ Անսար» խմբավորման Արթմայում գտնվող շտաբ: Խմբավորման առաջնորդը մեր համերկրացի` էմիր Աբու Ումար աշ Շիշանին էր (Վրաստանի Պանկիսի կիրճից հանրահայտ ԻՊ հրամանատարը): Հաջորդ օրն ինձ տարան Շեյխ Սուլեյման բնակավայրի լեռնային շրջանում տեղակայված ռազմական ճամբար, որտեղ ես 250-300 մարդկանց հետ ռազմական պատրաստո ւթյուն անցա: Մեր հրահանգիչը «Հաթթաբ» մականունով ադրբեջանցի էր: Ռազմական հրահանգիչների մեծ մասն ադրբեջանցիներ էին: Ճամբարի ղեկավարն Ադրբեջանի նախագահի անձնական պահպանության ծառայության նախկին աշխատակից, ադրբեջանցի Համզան էր», -ասել է նա:
Թերթը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահի թիկնապահական ծառայության նախկին աշխատակցի` Սիրիայում հակակառավարական մարտերին մասնակցելու մասին տեղեկություն 2013 թվականին հրապարակել էր ANNA (Abkhazian Network News Agency) լրատվական գործակալության մեկնաբան Մարատ Մուսինը:
Մուսինը 2013 թվականին ռեպորտաժ էր պատրաստել Սիրիայից եւ հայտնել, որ ԱՊՀ երկրներից մարտիկներ պատրաստող ճամբարի ղեկավար Համզան Ալիեւի նախկին թիկնապահն է` նշելով, որ այդ մասին իրեն պատմել են Դամասկոսի շրջակայքում գտնվող Ջաբարի շրջանում կռվող ադրբեջանցիները:
Ադրբեջանական virtualaz.org լրատվական կայքն այդ առնչությամբ հայտնում է, որ նույն Համզայի մասին անցյալ ամիս Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում պատմել է ԻՊ-ի մի ջոկատում կռված մեղադրյալ, Սումգայիթի 39-ամյա բնակիչ Էլվին Ալիեւը, ով ասել է, որ պատրաստություն է անցել Սիրիայի Սուլեյման Շեյխ բնակավայրում «Աբու Համզա» կրոնական մականունով ադրբեջանցի մոջահեդ «էմիր»-ի ճամբարում:
Կայքը պարզել է, որ ԻՊ-ի դեմ առաջադրված մեղադրականում հիշատակվող «Աբու Համզան» իրականում Ռամիլ Ալի օղլու Ֆաթալիեւն է, «հաթթաբ» կրոնական մականունով ԻՊ-ի հրահանգիչն էլ ծագումով ադրբեջանցի Դայանաթ Ադալեթ օղլու Յադիգարովն է, ով ԻՊ-ում «ադրբեջանական համայնքի» «էմիր»-ներից է: