Թուրք մտավորականները մեջլիսին հորդորում են վերադառնալ արձակուրդից
International newsՇուրջ 30 թուրք հայտնի գրող, լրագրող, ակադեմիկոս և մտավորական կոչ են արել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին արձակուրդի մեջ գտնվելու փոխարեն նիստ հրավիրել և գործի անցնել՝ հանուն խաղաղության և ժողովրդավարության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թ ուրքական Demokrathaber.net-ը:
Մտավորականներն ընդգծել են, որ ոչ մի ժողովրդավարական երկրում կառավարության կամ անձի քաղաքական հաշվարկների մեջ չի մտնում պատերազմական գործողություններ սկսելը կամ որևէ խմբավորման հետ զինված պայքարի մեջ մտնելը: Թուրք գործիչները հորդորել են թուրքական մեջլիսին արձակուրդի փոխարեն հավաքվել Անկարայում և իրենց ձեռքում եղած հնարավոր բոլոր միջոցներով վերջ դնել բախումներին և լարված մթնոլորտին:
Հայտարարությունը ստորագրած թուրք մտավորականների շարքերում են Մուրաթ Բելգեն, Օրհան Քեմալ Ջենգիզը, Ջենգիզ Աքթարը, Բասքըն Օրանը, Էրթուղրուլ Գյունայը և այլոք: