Ռոբերտ Քոչարյանի արածն առավել հասարակ ու մանկական էր, քան …
PoliticsԱյն, որ Հայաստանի Հանրապետությունում թե' տնտեսական, թե' սոցիալական վիճակը բավական մեծ տեմպերով գնալով վատանում է, նորություն չէ, սակայն բացահայտում չէ նաև այն, որ երկրի կործանման արարիչները` իշխանական կլանի վառ ներկայացուցիչները ոչ թե փորձում են հանել երկիրը ճգնաժամային այս վիճակից, այլ ճիշտ հակառակը` մտածելով սեփական գրպանի մասին, դեռ գռփում ու թալանում են պետության ու ժողովրդի վերջին գրոշները:
Ոչ աշխատանքային ժամերին պետական պաշտոնյաները կողոպուտով են զբաղվում իրենց մեթոդներով` գործի դնելով հեղինակությունը, իսկ աշխատանքային ժամերին ամեն ինչ արվում է մի փոքր քաղաքակիրթ` մտածվում են հատուկ ձևակերպումներ ու փոփոխություններ, որոնցից մեկն էլ այսպես կոչված սահմանադրական բարեփոխումն է: Թե իրականում ինչի են հանգեցնելու սահմանադրական փոփոխությունները և արդյոք հասարակությունն ի զորու կլինի պայքարել և դրական արդյունքի հասնել, որ փոփոխությունները կյանքի չկոչվեն, Orer.am-ը փորձեց պարզել «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ զրույցում:
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում գնալով ակտիվանում է հասարակական կյանքը: Իրականացվող նստացույցերը քաղաքացիական ակտիվության արդյունք են և որևէ կերպ կապված չեն այս կամ այն քաղաքական ուժի հետ: Երկրի զարգացման և ապագայի հետ կապված այսօրվա իրադարձություններն ու հասարակության կողմից ակտիվությունը մեծ նշանակություն կունենան: Ստեղծված իրավիճակները նաև կվերակենդանացնեն քաղաքական դաշտը: Բաղրամյան պողոտայի իրադարձությունների հետո կարծես քաղաքական պայքարի նոր ձևաչափ մշակվեց: Ասեմ, որ չի բացառվում՝ հետագայում նման ձևաչափերի միջոցով համագործակցություններ լինեն քաղաքական ուժերի հետ»,- ասաց քաղաքական գործիչը:
Ինչ վերաբերվում է սահմանադրական փոփոխություններին, Ս. Գիմիշյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների որակն այնքան վատն է ու վտանգավոր, որ անգամ պատկերացնելն է սարսափելի:
«Այդ փոփոխություններն անչափ վտանգավոր են: Եթե այդ վտանգների մասին ժողովուրդը ճիշտ իրազեկվի, ապա ոչ միայն երիտասարդները, այլև ողջ ժողովուրդը ոտքի կկանգնի: Այնպիսի տպավորություն է, որ մեկը ղումար է խաղացել ու տանուլ է տվել մեր երկիրը և ինչ-որ մեկի պատվերով երկիրը հանձնելու ծրագիր է ներկայացնում, որն էլ կոչվում է սահմանադրական փոփոխություն»,- նման կարծիք հայտնեց վերջինս:
Բացասական գնահատականի արժանացնելով սահմանադրական փոփոխությունների ծրագիրը և զուգահեռներ անցկացնելով նախկին և ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության մեջ՝ Սոս Գիմիշյանը հավելեց, որ այն ինչ արեց Ռոբերտ Քոչարյանը, առավել հասարակ էր ու մանկական, քան ինչ փորձում են հիմա անել:
«Սահմանադրական փոփոխությունները շատ վատ փաստաթուղթ է և պետք է ամեն ինչ արվի, որ այն կյանքի չկոչվի: Մենք չպետք է թողնենք, որ բանը հասնի հանրաքվեին, մենք դրա դիմաց ավելի շուտ պետք է առնենք»,-ասաց նա:
Սոսե Չանդոյան