Թուրքիայում Դերսիմ-Երզնկա ճանապարհը փակ է արդեն վեց օր
International newsԹուրքիայի Թունջելի (Դերսիմ) և Էրզինջան (Երզնկա) նահանգներն իրար միացնող ճանապարհն արդեն 6 օր է՝ փակ է: Պատճառն այս շրջանում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) գործողություններն են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքա կան «Հուրիեթ» պարբերականը:
Եթե նախկինում մի նահանգից մյուսն անցնելու համար պահանջվում էր 2.5 ժամ, ապա այս ճանապարհի փակվելուց հետո վարորդները ստիպված են ընտրել այն շրջանցող մեկ այլ ճամփա, ինչի հետևանքով այժմ Դերսիմից Երզնկա կամ հակառակը հասնում են 6-6.5 կամ 9-9.5 ժամում՝ կախված այն այլընտրանքային ճանապարհից, որն ընտրել են:
Դերսիմի նահանգապետարանից այս առնչությամբ արած հայտարարության մեջ նշվել է, որ 5 օր առաջ քուրդ զինյալները, այս տարածքում կտրելով ճանապարհը և մեքենաներ հրդեհելով, ճանապարհին նաև ականներ են տեղադրել: Ելնելով ստեղծված վտանգավոր իրավիճակից՝ որոշում է կայացվել նահանգները կապող ճանապարհը փակելու վերաբերյալ:
Իսկ Կարսում չեղյալ են համարվել գնացքի ուղերթները: Երբ հունիսի 30-ին քուրդ զինյալները հարձակվել էին Սարիղամիշի գավառով անցնող տարածքով գնացող բեռնատար գնացքի վրա, Կարսից գնացքի բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել: