ԱՀԿ-ն հայտնել է Էբոլա վիրուսով վարակման դեպքերի էական կրճատման մասին
International newsԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությամբ վարակման դեպքերի էական կրճատման մասին: Ինչպես նշվում է ԱՀԿ-ի՝ օգոստոսի 5-ին տարածված շաբաթական զեկույցում, հուլիսի 26-ից մինչեւ օգոստոսի 2-ը տեղեկատվություն է ստացվել միայն երկու հիվանդացածների մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Օգոստոսի 2-ին ավարտված շաբաթվա ընթացքում տեղեկատվություն է ստացվել Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությամբ վարակվելու երկու հաստատված դեպքի մասին, մեկը՝ Գվինեայում, երկրորդը՝ Սիեռա Լեոնեում: Երկրորդ շաբաթն անընդմեջ հիվանդանալու տասից պակաս դեպք է գրանցվում»,- ասված է փաստաթղթում: Նախորդ շաբաթվա ընթացքում երկու երկրներում գրանցվել է հիվանդանալու յոթ դեպք, իսկ հուլիսի 12-19-ին ԱՀԿ-ն տվյալներ է ներկայացրել 25 նոր հիվանդների վերաբերյալ:
Լիբերիայում՝ Արեւմտյան Աֆրիկայի երրորդ երկրում, որտեղ նույնպես մոլեգնել է Էբոլա վիրուսը, վերջին երեք շաբաթվա ընթացքում վարակման ոչ մի դեպք չի գրանցվել:
Ընդամենը համաճարակի սկսվելուց ի վեր Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրում մահացել է շուրջ 11,3 հազար մարդ, վարակվել են գրեթե 28 հազար բնակիչներ: Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում, բայց այդ երկրներից յուրաքանչյուրում վարակվածների թիվը չի գերազանցել տասը: Բացառություն է կազմում միայն Նիգերիան, որտեղ Էբոլայով վարակվել է քսան մարդ, մահացել է ութ բնակիչ:
Ինչպես ընդգծում են ԱՀԿ-ում, բժիշկները մոտ են մահացու վտանգավոր վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծմանը: VSV-EBOV կոդային անվանումը կրող պատրաստուկը, որը մշակվել է Merck, Sharp & Dohme միջազգային գիտահետազոտական դեղագործական ընկերության կողմից, Գվինեայում մարդկանց վրա փորձարկումների ընթացքում հարյուրտոկոսանոց արդյունավետություն է ցուցաբերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: