Սահմանադրական փոփոխությունների մանրամասներին մարդկային զանգվածները չեն տիրապետում. Ա.Ադիբեկյան
PoliticsՍպասվելիք սահմանադրական փոփոխությունները ավելի շատ բարեփոխում, թե՞ չարեփոխում են` դեռ պարզ չէ: Պարզ է միայն մեկ բան. դրանք, ինչպես նկատում ենք, ընդհանրապես հանրության սրտով չեն, միտված են բացառապես քրեաօլիգարխիկ կլանի «թագավորման» ժամկետները երկարաձգելուն եւ երկիրն էլ ավելի կեղեքելուն եւ թալանելուն:
Հետեւելով մասնագետների գնահատականներին՝ կարող ենք վստահաբար նշել, որ այսպես կոչված փոփոխություններում, մեղմ ասած, առկա են խայտառակ կիքսեր, որոնք երբեք ու երբեք չպետք է նշմարվեն երկրի համար կարեւորագույն փաստաթղթում:
Ինչեւէ, ինչպես ասում են, սա դեռ սկիզբն է, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի, սակայն հետաքրքիր է իմանալ, թե ինչ տրամադրություններ են տիրում հասարակության տարբեր շերտերում` սպասվելիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:
«Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ուսումնասիրություններն ու հետազոտությունները կիրականացվեն սեպտեմբեր ամսին»,- այս մասին Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Հիմնվելով անցած տարվա տվյալներին՝ Ա.Ադիբեկյանը նշեց. «Անցած տարի մարդիկ դեմ էին սահմանադրական փոփոխությունների՝ նախագահական կառավարման ձեւաչափից անցմանը դեպի խորհրդարանական հանրապետության. պատճառները շատ տարբեր են: Ասեմ, որ հանրության ներկայացուցիչների մոտ մեծ կասկածներ կային այն հարցի հետ կապված, որ այժմ Թուրքիան պառլամենտական երկրից անցում է կատարում նախագահականի, իսկ Հայաստանն անում է ճիշտ հակառակը:
Սակայն, քանի որ քարոզարշավը դեռ չի սկսվել, հանրային կարծիքի վրա ազդեցություն դեռ չի եղել, ուստի կարծիքները կարող են փոփոխվել ժամանակի ընթացքում»:
Խոսելով հանրությանը իրազեկելու տակտիկական քայլերի մասին՝ սոցիոլոգը նշեց. «Գիտենք, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մանրամասներին մարդկային զանգվածները չեն տիրապետում, այդ իսկ պատճառով շատ կառույցների մոտ անգամ հարցական է մնում՝ ինչ կերպ սկսեն քարզարշավը ինչպես բացատրեն փոփոխությունների դրական կողմերը, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ»:
Ահարոն Ադիբեկյանը նաեւ շեշտադրում կատարեց ընդդիմության դերակատարության վրա՝ խոսելով իրազկեման մասին. «Եթե ընդդիմությունը գտավ, որ փոփոխությունները լավ են, ապա, միանշանակ, այն կանցնի հանրաքվեով, սակայն եթե ընդդիմությունը ինչ-ինչ պատճառներով հակառակվի, այդ ժամանակ արդեն կրքերը կթեժանան»:
Սոսե Չանդոյան