Դոնալդ Թրամփը չի բացառել ընտրություններին որպես անկախ թեկնածու մասնակցելու հնարավորությունը
International newsՄիլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը Հանրապետական կուսակցությունից հավակնում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին, չի բացառել ընտրություններին որպես անկախ թեկնածու մասնակցելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի հանրապետական հավ ակնորդների՝ օգոստոսի 6-ին կայացած առաջին հեռուստաբանավեճերի ընթացքում, որոնք տեղի են ունեցել Քլիվլենդում (Օհայոյի նահանգ):
Պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե հավակնորդներից որեւէ մեկը պատրաստ է արդյոք աջակցել հանրապետականների «վերջնական կուսակցական թեկնածուին», միայն Թրամփն է պատասխանել մերժումով:
«Ներկա պահին ես նման պարտավորություն չեմ ստանձնի»,- ասել է նա:
Թրամփից բացի, հեռուստաբանավեճերին մասնակցել են նաեւ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, Վիսկոնսինի նահանգապետ Սքոթ Ուոքերը, սենատորներ Թեդ Քրուզը, Ռենդ Փոլը եւ Մարկո Ռուբիոն, նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը, Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, Նյու Ջերսիի նահանգի նահանգապետ Քրիս Քրիսթին եւ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: