Վերջին յոթ տարիներին ադրբեջանկան նավթը մոտ 100 դոլարով էժանացել է
International newsՎերջին յոթ տարիներին ադրբեջանական Azeri Light (LT CIF) տեսակի նավթի մեկ բարելը մոտ 100 դոլարով էժանացել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, report.az-ը, հղում կատարելով Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR), հայտնել է, որ Վրաստանի Սուփսա, Բաթում եւ Թուրքիայի Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող եւ համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri Light նավթի մեկ բարելը 2,67 տոկոսով կամ 1,38 դոլարով էժանացել է:
Ներկայում Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելի արժեքը հասել է 50,32 դոլարի: Անցյալ շաբաթվա վերջին ադրբեջանական նավթը մեկ բարելի դիմաց արժեր 54,02 դոլար, երեկ` 51,70 դոլար: Անցյալ տարվա վերջին ադրբեջանական նավթի մեկ բարելն արժեր մոտ 75 դոլար:
Ներկա դրությամբ` համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 49,95 դոլար, WTI նավթի մեկ բարելը` 45,39 դոլար:
Azeri LT CIF տեսակի նավթի նվազագույն գինը` մեկ բարելի դիմաց 19,15 դոլար գրանցվել է 2001 թվականի դեկտեմբերին, իսկ առավելագույն գինը` 149,66 դոլար 2008 թվականի հուլիսին:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է: